Հայկական երկու հանրապետությունների ղեկավարներ Սերժ Սարգսյանի եւ Բակո Սահակյանի, Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսի, քաղաքական եւ ռազմական բարձրաստիճան պաշտոնյաների եւ Հայաստանում հավատարմագրված դեսպանների մասնակցությամբ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում մեկնարկեց Հայոց բանակի 23-րդ տարեդարձին նվիրված տոնական համերգը:
Բացման խոսքում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հավաստիացրեց, որ ՀՀ Զինված ուժերը, որոնք հայ ժողովրդին նվիրեցին խաղաղության եւս մեկ տարի, կապահովեն ՀՀ եւ ԼՂՀ սահմանների անձեռմխելիությունը: «Տարեդարձը դիմավորում ենք երկրի պաշտպանունակության հետագա ամրապնդմամբ: Ռազմարդյունաբերական համալիրի զարգացման նախաձեռնությամբ, առաջնագծում ինժեներական կառույցների ստեղծմամբ գրանցվել է լուրջ առաջընթաց մարտական եւ հրամանատարական պատրաստվածության մակարդակի բարձրացման գործում, զինծառայողների բժշկական սպասարկման եւ կենցաղային բարելավման հարցում»,- շեշտեց Սեյրան Օհանյանը` հավելելով, որ զորանացիշնությունն ու բնակարանաշինությունն օրակարգային է, բանակում հայ ազգային գաղափարախոսության արմատավորումը նույնպես:
«Նախորդ տարի տեղի են ունեցել հանկարծակիությամբ եւ արդարացված համարձակությամբ առանձնացող բազմաթիվ զորավարժություններ: Փոքր ուժերով մեծ խնդիրների լուծման սկզբունքն իր արդյունքը տվեց օգոստոսին, երբ հայկական զինված ուժերը մարտական գործողությունների վերսկսման ուրվականը հեռու վանեցին ՀՀ եւ Արցախի սահմաններից: Հայկական բանակը չի ցանկանում օտարի հողը խլել, հաստատակամ է կասեցնելու հակառակորդի ցանկացած ոտնձգություն: Օգոստոսյան դեպքերը լուրջ դաս կլինեն Հարավային Կովկասի փխրուն խաղաղությունը վտանգել փորձողների համար: Հայկական բանակը ոչ միայն կատարում է իր խդնիրները, այլեւս զսպման մեխանիզմեր կիրառում: Թե' Հայաստանում, թե' հարեւան երկրում գիտեն, թե օգոստոսյան լարվածության արդյունքում ինչ ստացվեց: Հայկական բանակն իր արժեքերը պահպանեց փառավոր կերպով: Հաղթողի հոգեբանություն, հաղթողի վստահություն. սա է մեր զինվորների մեծագույն նվերը հայ ժողովրդին:
Հակառակորդի ոտնձգությունների փորձերը արժանի հակահարված են ստանոմ: Գլոբալ առումով լայնածավալ պատերազմի վտանգ չկա, սակայն լարվածությունը պահպանվելու է: Հակառակորդը օր ու գիշեր մեր սահմանին թույլ հատված է որոնում, դրա համար պետք է լինենք զգոն եւ ուշադիր, գոտեպնդվենք եւ ամրանանք»,- նշեց Սեյրան Օհանյանը` հավելելով, որ հակառակորդը մեր արժեհամակարգին հակառակ տիրույթում է գտնվում: Նա չի հասկանում խաղաղության լեզուն եւ փորձում է խոսել միայն ուժի դիրքերից: