Եթե ընդհանուր կոնսենսուս լինի բոլոր ուժերի միջև խորհրդարանական արտահերթ ընտրությունները նախորդ ընտրությունների օրենքներով անցկացնելու մասով, ՀՅԴ-ն դեմ չի լինի, եթե ընտրությունները տեղի ունենան դեկտեմբերին: Այսօր՝ հոկտեմբերի 8-ին, Ազգային ժողովում ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՀՅԴ պատգամավոր Սպարտակ Սեյրանյանը:
Ինչ վերաբերում է այն տեղեկություններին, թե վերջին իրադարձություններից հետո զանգվածային արտահոսք կա որոշ քաղաքական ուժերից, ՀՅԴ-ական պատգամավորը նշեց, թե տեղեկություն չունի ոչ զանգվածային արտահոսքի, ոչ էլ զանգվածային ներհոսքի հետ կապված: Նրա խոսքերով, քաղաքական գործընթացներում, բնական է, որ որոշ մարդիկ գնում են, որոշները գալիս, սակայն ինքը տեղեկություններ չունի Դաշնակցությունը լքողների մասին, նման դիմումներ չի տեսել:
Պատգամավորը խոսեց նաև այն հայտարարությունների մասին, թե ժողովուրդն ուզում է, որ ընտրությունները տեղի ունենան դեկտեմբերին: Նա մասնավորապես նշեց, որ ժողովրդի ուզածը չափելու մեկ գործիք գիտի՝ հանրաքվեն:
ՀՅԴ պատգամավորը հայտարարեց, թե մինչև հիմա քաղաքական հիմնավորում չի տեսել, թե ինչու պետք է ընտրությունները լինեն հրատապ, բայց եթե ամբողջ հասարակությունը գտնում է, որ մեր բոլոր դժբախտությունների պատճառն արտահերթ ընտրությունների չկայանալն է, ուրեմն թող դրանք օր առաջ տեղի ունենան: