Կուտակային կենսաթոշակների մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին կառավարության ներկայացրած նախագծի ընդունումից հետո քաղաքացիները հնարավորություն կստանան դիմում գրելու միջոցով ազատվել կուտակային պարտադիր վճարները կատարելու պարտավորությունից: Այս մասին Ազգային ժողովում «Կուտակային կենսաթոշակների մասին օրենքում» փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծի քննարկման ժամանակ ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը: «Նախագծի ընդունումից հետո քաղաքացիները հնարավորություն կունենան կամավորության սկզբունքով մասնակցել կամ չմասնակցել կուտակային համակարգին»,- ասաց Մինասյանը:
Պատգամավորը հիշեցրեց, որ նախագծի ընդունումից հետո կկասեցվի նաև տույժերի հաշվարկը՝ պարտադիր կուտակային վճարները չկատարելու դեպքում, ինչը գործատուներին հնարավորություն կտա չկատարել կուտակային վճարները և չտուգանվել: «Իհարկե, կառավարությունն ամբողջությամբ չի ընդունել ոչ իշխանական ուժերի առաջարկները, սակայն նախագիծը, որը ներկայացվել է մեր քննարկմանը, կարելի է դրական քայլ համարել, և մենք չենք կարող դեմ քվեարկել այս նախագծին»,- ասաց Մինասյանը՝ ընդգծելով, որ քաղաքացիները նախագծի ընդունումից հետո որևէ պարտավորություն չեն ունենա և իրենք պետք է որոշեն մասնակցել համակարգին, թե ոչ:
Այնուհետև ելույթ ունեցավ նաև ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը՝ ընդգծելով, որ իրենք չեն վստահում կառավարության ներկայացրած նախագծին և դեմ են քվեարկելու: Զուրաբյանն ընդգծեց, որ գործատուին դիմում գրելու գործիքից, որն առաջարկվում է կառավարության ներկայացրած նախագծում, կօգտվի միայն քաղաքացիների ակտիվ մասը, իսկ պասիվ մեծամասնությունը շարունակելու է մասնակցել համակարգին, ուստի չի կարող կառավարության ներկայացրած նախագիծն իրենց բավարարել, քանի դեռ հանված չէ պարտադիր բաղադրիչը: