Ես Հանրապետական կուսակցության հայտարարությունները վաղուց ադեկվատ չեմ համարում։ Այսօր՝ նոյեմբերի 28-ին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը՝ նշելով, որ և վարչապետը, և իրենց մյուս թիմակիցները շատ մեծ վերապահումներ ունեն Հանրապետական կուսակցության և նրա ներկայացուցիչների նկատմամբ․ «Ի վերջո չպետք է մոռանանք, մենք ստանդարտ պրոցեսով չենք անցնում, հեղափոխություն է եղել, և ժողովուրդն այդ մարդկանց հեռացրել է հեղափոխությունից, որովհետև համենայնդեպս իրենց ընկալման մեջ և նաև արդեն ապացուցված որոշակի քրեական գործերով այդ կուսակցության ներկայացուցիչները հանցանք են գործել մեր նկատմամբ, մեր հասարակության նկատմամբ։ Հանրապետական կուսակցությունը մեղավոր է բոլոր վատ իրողությունների համար, որոնցում մենք հիմա ապրում ենք»։
Միրզոյանը նշեց, որ Հանրապետականը մի ուժ է, որոնք քաշել են Հայաստանը և փորձել են շարունակաբար քաշել միջնադարյան ֆեոդալական համակարգի մեջ, և բոլորիս տանել դեպի խավար․ «Նրանք ուրիշ են, նրանց երեսին դա անընդհատ պետք է ասել, որ հանկարծ նրանց մտքներով չանցնի, որ հասարակությունը մոռացել է նրանց մեղքերն ու հանցագործություններ»։
Միրզոյանն անդրադարձավ նաև Սասուն Միքայելյանի կողմից վերջերս արված հայտարարությանը և այն քննադատողներին․ «Չի ամաչո՞ւմ Դավիթ Շահնազարյանը, մարդ, որը տարիներ շարունակ քարոզել է Ղարաբաղը հանձնելու գնով ինչ-որ երևակայական զարգացման համար, և հիմա այդ մարդը Սասուն Միքայելյանին ասում է, որ նա ուզում է Ղարաբաղը հանձնել և դա մեր գիծն է։ Ես Դավիթ Շահնազարյանին մարդկայնորեն չեմ կարողանում հասկանալ, չի ամաչո՞ւմ այդ մարդը։ Բարոյական սահման կա, որը չարժի անցնել։ Իսկ այն մարդկանց, ովքեր հետևողականորեն փորձում են ասել, որ Նիկոլ Փաշինյանը և նրա թիմը, քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը պատրաստվում են որևէ կերպ Ղարաբաղը հանձնել, այդ մարդիկ թող հույս չունենան, և այդ մարդիկ որևէ կերպ ապատեղեկատվություն թող չտարածեն։ Հող հանձնողները եկել են և հիմա հող պահողներին մեղադրում են հող հանձնելու մեջ»։
Առաջին փոխվարչապետի պնդմամբ, Սասուն Միքայլեյանը նկատի է ունեցել այն, որ եթե մենք կարողացանք ազգովի համախմբվել և հաղթել արտաքին թշնամուն, իսկ միշտ արտաքին թշնամու դեմ համախմբվելն ավելի հեշտ է, ապա էլ ավելի շատ պիտի կարևորենք այն հանգամանքը, որ հայ ժողովուրդն ի վերջո կարողացավ կռացած մեջքն ուղղել և իր զարգացման համար ներքին հաղթանակ տանել։