Աթենքի մոտ բռնկված ուժեղ հրդեհի արդյունքում առնվազն 20 զոհ կա: Այս մասին հայտնում է Associated Press-ը՝ հղում անելով Հունաստանի իշխանություններին:
Տուժածների թիվը հասնում է 100-ի, նրանցից 69-ը հոսպիտալացվել են, շատերի վիճակը ծայրահեղ ծանր է:
Ավելի վաղ հայտնվում էր 3 զոհի մասին:
Կան նաև անհետ կորած զբոսաշրջիկներ, ովքեր նավով դուրս են եկել ծով՝ փրկվելով հրդեհից:
Հունաստանի մի քանի շրջաններում արտակարգ դրություն է հայտարարված: Այրվում են հիմնականում անտառները, իսկ կրակի տարածմանը նպաստում է ուժեղ քամին:
Հունաստանն արդեն պատրաստվում է դիմել ԵՄ-ի օգնությանը: Աթենքին օգնություն են առաջարկել Կիպրոսը և Իսպանիան: