Ամերիկայի հայկական համագումարը (Համագումար) իր երիախտիքն է հայտնել Հռոմի Պապ Ֆրանցիսկոսին, ով հոծ բազմության առջեւ հիշատակեց Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցը եւ դատապարտեց 1915թ.-ի գործողությունները, որոնց հետեւանքով սպանվեցին 1.5 մլն հայեր: Պապը իր հայտարարությունն արեց Աստծո Ողորմության տոնի ժամանակ, որը նշվում է Զատկի երկրորդ կիրակի օրը:
«Պապի ճանաչումը խորիմաստ հոգեւոր նշանակություն ունի հայ ժողովրդի համար`հիշելով Հայոց ցեղասպանության զոհերին: Այն հիշեցնում է աշխարհին, որ նրանք չեն մոռացվել եւ, որ մարդկության նկատմամբ այս հանցագործությունը չի կարող մերժվել: Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի ուղերձը օգնում է մարդու իրավունքների այս խնդիրների ավելի լայն իրազեկմանը, որը հիմնական տարր է օգնելու կանխել հետագա ցեղասպանությունները»,- նշել է Ամերիկայի հայկական համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին:
ՀՀ պատվիրակությունը ղեկավարում էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին 2-րդը եւ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ 1-ինը, իսկ անդամներից էին նաեւ Համագումարի Հոգաբարձուների Խորհրդի համանախագահ Էնթոնի Բարսամյանը, Խորհրդի անդամ Օսկար Թաթոսյանը, Համագումարի հոգաբարձու Նուբար Աֆեյանը, Համագումարի Մեն նահանգի ղեկավար Ջերարդ Կիլաջյանը:
«Այսօր մեր Սուրբ հայրերի ներկայությամբ, ամբողջ աշխարհի հայերը նշում են Հայոց ծեսի Աստվածային Պատարագը բոլոր կաթոլիկների հետ միասին Սուրբ Պետրոսի տաճարում: Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը ողջունեց մեզ, վերցրեց Հայոց եկեղեցու սուրբ Ավետարանը եւ օրհնեց մեզ»,- հայտնեցին Բարսամյանը եւ Թաթոսյանը` հավելելով. «Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը հաստատեց, որ Կաթոլիկ եկեղեցին դատարպարտում է Հայոց ցեղասպանության ժխտումը եւ կոչ արեց բոլոր ազգերի ղեկավարներին ճանաչել ցեղասպանություն հանցագործությունը, որը 100 տարի առաջ այս ապրիլին իրականացվել է հայ ժողովրդի նկատմամբ»:
Սա առաջին անգամ չէ, որ Պապը դատապատել է Հայոց ցեղասպանությունը: 2001թ.-ին Հովհաննես Պողոս 2րդ Պապը ճանաչել է Ցեղասպանությունը եւ աղոթել զոհերի համար: Վատիկանը ինքնին երկար պատմություն ունի 1915թ.-ի իրադարձություններին անդրադառնալու վերաբերյալ:
«Վատիկանի արխիվը լայնածավալ արձանագրություններ ունի Հայոց ցեղասպանության վերաբերյալ: Կաթոլիկ եկեղեցին Բենեդիկտ 15-րդ Պապի ղեկավարությամբ ուղղակիորեն միջնորդել է Օսմանյան կայսրությանը, որպեսզի դադարեցվեն վայրագությունները: Այնուհետեւ կազմակերպել է խոշոր մարդասիրական օգնություն` ուղղված բոլոր հայ վերապրածներին առանց խտրականության` լինեին կաթոլիկ, թե առաքելական»,-նշեց ցեղասպանության ուսումնասիրությունների փորձագետ եւ Հայ ազգային ինստիտուտի տնօրեն Ռուբեն Ադալյանը: