ՀՀ արդարադատության արդեն նախկին նախարար Հրայր Թովմասյանն առաջարկում է կառավարության անդամների նշանակման արարողակարգում ներառել երդման արարողություն: «Օրենսդիր, դատական իշխանության ներկայացուցիչները երդմամբ են ստանձնում պաշտոնը, գործադիրը չունի նման բան: Կարծում եմ, որ Սահմանադրության խնդիր է: Երդումն արարողակարգին ոգի կտա, կարելի է ունենալ նաև ինչ-որ սիմվոլ, որը կփոխանցվի նախարարից նախարար»,- ասաց Թովմասյանը՝ ՀՀ արդարադատության նոր նախարար Հովհաննես Մանուկյանին ներկայացնելու ժամանակ: Առաջարկին արձագանքելով՝ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը խոստացավ մտածել այդ մասին:
ՀՀ նախագահի ապրիլի 30-ի հրամանագրով ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնում Հովհաննես Մանուկյանը փոխարինել է Հրայր Թովմասյանին:
«Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի համաձայն` պատգամավորներն առաջին նստաշրջանի բացման արարողությանը երդվում են. «Հանուն համազգային նպատակների իրականացման եւ հայրենիքի հզորացման ու բարգավաճման՝ երդվում եմ բարեխղճորեն կատարել ժողովրդի առաջ ունեցած պարտավորություններս, պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը եւ օրենքները, նպաստել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության եւ շահերի պահպանմանը, անել ամեն ինչ քաղաքացիական համերաշխության, ազգային ու համամարդկային արժեքների պահպանման համար»: