Հայաստան 

Հրապարակվել է ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության մասին պայմանագրի նախագիծը

Հրապարակվել է Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ) Հայաստանի անդամակցության մասին 2014 թ. մայիսի 29-ի պայմանագրի նախագիծը: Փաստաթղթի նախագիծը հրապարակել է «Իրազեկ քաղաքացիների միավորումը»:


Պայմանագրի նախագիծը հրապարակվում է առաջին անգամ: Հրապարակվել են նաև Պայմանագրի հավելվածները, մասնավորապես.



• ՄՄ և ԵՏՄ իրավապայմանագրային բազայի ձևավորման շրջանակում կնքված միջազգային պայմանագրերի ցանկը, որոնց պետք է միանա Հայաստանը

• ԵՏՄ մասին պայմանագրում և միջազգային պայմանագրերում ՀՀ անդամակցությամբ պայմանավորված փոփոխություններ կատարելու մասին արձանագրությունը

• Պայմաններն ու անցումային դրույթները

• Ապրանքների ու դրույքների ցանկը, որոնց համար անցումային շրջանում Հայաստանը կիրառելու է ներմուծման մաքսատուրքեր, որոնք տարբերվում են ԵՏՄ Միասնական մաքսային սակագնի դրույքներից

• ԵՏՄ տարածքից երրորդ երկրների տարածքով ԵՏՄ տարածք տեղափոխվող ապրանքների ու տրանսպորտային միջոցների փոխադրման առանձնահատկությունների մասին արձանագրությունը:



Սեպտեմբերի սկզբին Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ) Հայաստանի անդամակցության պայմանագրի վերջնական տարբերակն ուղարկվեց անդամ երկրների և ՀՀ կառավարություններին: Չի բացառվում, որ փաստաթուղթը կստորագրվի հոկտեմբերի 10-ին Մինսկում՝ ԵՏՄ անդամ պետությունների նախագահների բանակցությունների ավարտին:


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը սեպտեմբերի 1-ին կարգադրեց ստորագրել Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ) Հայաստանի անդամակցության մասին պայմանագիրը:


Ըստ փաստաթղթի, Պուտինն ընդունել է կառավարության առաջարկը ԵՏՄ-ին Հայաստանի միանալու մասին: «Համարել նպատակահարմար պայմանագրի ստորագրումը, նախատեսված սույն կարգադրությամբ, Գերագույն Եվրասիական տնտեսական միության նիստում պետությունների ղեկավարների մակարդակով», ասվում է ՌԴ նախագահի կարգադրության մեջ:


Օգոստոսի 7-ին ՌԴ կառավարությունը հավանություն տվեց Հայաստանի անդամակցությանը ԵՏՄ-ին: Օրերս Մինսկում Մաքսային միության անդամ պետությունների ղեկավարների հանդիպման ավարտին նվիրված ճեպազրույցում Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հայտարարեց, որ հոկտեմբերի 10-ին Մինսկում կանցնեն բանակցություններ, որի շրջանակում նախատեսվում է լուծել ԵՏՄ-ին Հայաստանի ու Ղրղզստանի անդամակցության հարցը:


Օգոստոսի 9-ինՍոչիում կայացած հանդիպմանը Հայաստանի և Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանը և Վլադիմիր Պուտինը քննարկեցին ԵՏՄ-ի մասին պայմանագրին Հայաստանի միանալու ժամկետներն ու պայմանները: Ինչպես ասաց ՌԴ նախագահը, փաստաթուղթը կարող է ստորագրվել արդեն աշնանը:


Հուլիսի 17-ինՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարել է լրագրողներին, որ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության մասին համաձայնագիրը կստորագրվի հոկտեմբերին: «Մինչև հոկտեմբերի վերջ մենք կանդամակցենք ԵՏՄ-ին: Մնացածի մասին կհայտնի կառավարության մամուլի ծառայությունը»,-ասել է Աբրահամյանը: Այն մասին, որ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության մասին պայմանագիրը կստորագրվի առաջիկայում, հայտարարվել է հուլիսի 11-ին Սոչիում Հովիկ Աբրահամյանի և նրա ռուս գործընկեր Դմիտրի Մեդվեդևի հանդիպման ավարտին:Ինչպես հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը, զրույցի ժամանակ Աբրահամյանն ու Մեդվեդևը գոհունակություն են հայտնել երկու երկրների միջև ապրանքաշրջանառության ծավալների աճի կապակցությամբ և վստահություն են հայտնել, որ աճը կշարունակվի նաև ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունից հետո:


Հուլիսի 11-ին Ռուսաստանի Դաշնություն կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը Սոչիում հանդիպել էր ՌԴ կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևին: Երկու վարչապետները քննարկել էին երկկողմ ռազմավարական հարաբերություններին առչվող օրակարգային մի շարք հարցեր, որոնք վերաբերել են առևտրատնտեսական և ներդրումային ոլորտներում երկկողմ համագործակցությանը` ներառյալ էներգետիկ, արդյունաբերական և ենթակառուցվածքների բնագավառների համատեղ ծրագրերը: Վարչապետ Աբրահամյանը նշել էր, որ դրանք էապես կնպաստեն Հայաստանի տնտեսության զարգացմանն ու առաջընթացին:


Սեպտեմբերին Ընդլայնման և եվրոպական հարևանության քաղաքականության գծով եվրահանձնակատար Շտեֆան Ֆյուլեն հայտարարել է, որ եկել է ժամանակը, որ ԵՄ-ն պաշտոնական կապեր հաստատի Եվրասիական միության հետ և բանակցություններ սկսի Եվրամիության ու Մաքսային միության միջև առևտրի ազատ գոտու ստեղծման մասին:

 

 

http://www.yerkirmedia.am/userfiles/26.09.14-6181dagavor.jpg

Նույն շարքից