ԱՄՆ-ում ցուցահանդեսի ժամանակ ցուցադրվել է ԱՄՆ 35-րդ նախագահ Ջոն Քեննեդիի կողմից 50 տարի առաջ գրված նամակը, որն ուղղված է եղել փոքրիկ աղջկան, ով անհանգստացել է Ձմեռ պապի համար: Այս մասին հայտնում են նախկին նախագահի անունով թանգարանի մամուլի ծառայությունից:
«Դու չպետք է անհանգստանաս Ձմեռ պապի մասին: Ես խոսել եմ նրա հետ երեկ, նա լավ է: Նա կրկին կմեկնի շրջագայությունների Սուրբ Ծննդյան տոնի առթիվ»,-ասված է նախագահի նամակում։

Միչիգանի 8-ամյա բնակիչ Միշել Ռոհոնը նախագահին գրել է, որ շատ անհանգստացած է Հյուսիսային բևեռի մեկ «հայտնի բնակչի» ճակատագրով, ով կարող է տուժել Հյուսիսային բևեռում ԽՍՀՄ-ի կողմից ռումբի փորձարկումների արդյունքում․ «Խնդրում եմ, թույլ մի տվեք ռուսաստանցիներին ռմբակոծել Հյուսիսային բևեռը, որովհետև նրանք կսպանեն Սանտա Կլաուսին»,-գրել է աղջիկը։
Ցուցահանդեսում բացի նամակից, ներկայացվել են նաև նախկին պետության ղեկավարի կյանքի այլ դրվագներ՝ արխիվային լուսանկարներ, լուսանկարներ նրա մանկությունից և հետագա կյանքի ժամանակահատվածներից, ինչպես նաև ընտանեկան բացիկների պատճեները: