Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի որդին հերքում է օրենքով գող «Օշականցի Գեւորիկին» ծեծելու մասին լուրերը: Այս մասին նա տարածել է հայտարարություն, որտեղ ասված է. «Լրատվամիջոցներով տեղեկատվություն է տարածվել, թե Երեւանում ծեծի է ենթարկվել Գեւորգ Մելիքյանը, եւ այդ ամենին առնչություն ունեցողների մեջ միտումնավոր նշվում է նաեւ իմ անունը: Նախ նշեմ, որ Գեւորգ Մելիքյանի հետ որեւէ կապ չունեմ. ես ոչ միայն նրան չեմ ճանաչում, այլեւ տեղյակ չեմ, թե ինչ է կատարվել նրա հետ: Եւ, բնականաբար, այդ պարագայում չեմ էլ կարող որեւէ կերպ մասնակից լինել նրա հետ կատարվածին, անգամ եթե նման դեպք տեղի է ունեցել:
Ցավում եմ, որ որոշ լրատվամիջոցներ իրենց ապատեղեկատվությունը ու անբարեխղճությունը փորձում են որպես ճշմարտություն մատուցել` իմ անունը շահարկելով»:
Հիշեցնենք, որ «Primecrime» կայքը գրել էր, թե Երեւանում մարտի վերջին ծեծի է ենթարկել «օրենքով գող» 43-ամյա Գեւորգ Մելիքյանը, ով առավել հայտնի է «Օշականցի Գեւորիկ» անվամբ։ Նրան նեղացնողների շարքում են ԱԺ նախագահի որդին եւ «օրենքով գող» Պզո մականունով Արմեն Ղազարյանի եղբայրը: