Նոր Զելանդիայի ոստիկանությունը գնդակահարել է զինված տղամարդուն, ով երեխաներին 14 ժամ պատանդ է պահել: Այս մասին հայտնում է SunLive-ի տեղի հրատարակությունը՝ հղում անելով ոստիկանության տվյալները:
Դեպքը տեղի է ունեցել Հյուսիսային կղզում գտնվող Թորանգ քաղաքում: Նոյեմբերի 24-ի կեսգիշերին Օրիանա Կրեսենթ փողոցում գտնվող բնակարանից ոստիկանություն ահազանգ է ստացվել։ Տեղի բնակիչը ոստիկաններին հայտնել է, որ զինված տղամարդը հարձակվել է իր վրա և սպառնացել սպանել, բայց նա կարողացել է փախչել:
Միևնույն ժամանակ, պարզվել է, որ զինված տղամարդու հետ տանը մնացել են 4, 6 և 11 տարեկան անչափահաս երեխաներ: Ոստիկանները ներխուժել են բնակարան և այնտեղ հայտնաբերել մաչետեով զինված տղամարդուն․ նա մաչետեն դրել է երեխաներից մեկի կոկորդին և սպառնացել սպանել նրան, եթե ոստիկանները չհեռանան շենքից: Արդյունքում ոստիկանությունը նահանջել է, և հարձակվողը, երկու երեխաների հետ միասին փակվել է բնակարանում:
Ոստիկանները փորձել են բանակցել տղամարդու հետ, սակայն վերջինս հրաժարվել է, ինչից հետո որոշում է կայացվել ուժով ներխուժել բնակարան և փրկել երեխաներին։ Արդյունքում տղամարդը գնդակահարվել է:
Ըստ տեղեկությունների, երկու անչափահասները հոսպիտալացվել են, նրանց առողջական վիճակի մասին տեղեկություններ դեռևս չեն հաղորդվում։