Հասարակություն 

Մարզահամերգայինի շենքը Բաքվի հետ են շփոթել եւ աշխատակիցներին թույլ տվել ներս մտնել՝ որպես ռազմագերիներ. ՄՀՀ ներկայացուցիչ

Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրում մնացել է ընդամենը 12 անհատի պատկանող գույք։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի չորսին, լրագրողների հետ զրույցում ասաց ՄՀՀ հասարակայնության հետ կապերի և լրատվության պատասխանատու Կորյուն Գրիգորյանը՝ անդրադառնալով ՄՀՀ-ն ՊՆ-ին հանձնելու կառավարության որոշմանը։


«Մարզահամերգային համալիրը դեռ երկար ժամանակ պետք է չշահագործվի, քանի որ այլ անձանց գույքն օգտագործելը քրեորեն պատժելի արարք է։ Մենք դիմել ենք գլխավոր դատախազին, սակայն պատասխան չենք ստացել։ Իրականում, մեր գույքը չեն կարող օտարել, խորը հիմքեր ունենք, որ ալան-թալան է կատարվում համալիրում։ ԴԱՀԿ աշխատակիցներն էլ մոռանալով իրենց գործառույթը, սարքել են ուտել-խմելու տեղ, աղբանոց, որտեղ ամեն քայլիդ արեւածաղկի սերմեր են, fast food-ի մնացորդներ»,- ասաց նա։


Կորյուն Գրիգորյանի խոսքով՝ համալիրը պաշտպանության նախարարության համար ռազմական ավար է, իսկ շենքն էլ Բաքուի հետ են շփոթել եւ աշխատակիցներին թույլ տվել ներս մտնել՝ որպես ռազմագերիներ։


Գործով փաստաբան Արմինե Հակոբյանի պնդմամբ էլ պաշտպանության նախարարությունն այս պահին կատարում է գույքագրում. «ԴԱՀԿ-ն իրավասու չէր շենքը հանձնել պաշտպանության նախարարությանը, քանի որ չկա օրինական ուժի մեջ մտած դատական ակտ, կազմակերպվել է յոթ անօրինական աճուրդ»։


Հիշեցնենք, որ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը 7-րդ անգամ աճուրդի հանվելուց և գնորդ չգտնելուց հետո օգոստոսի 21-ի Կառավարության որոշմամբ հանձնվեց Պաշտպանության նախարարությանը:

Նույն շարքից