Հասարակություն 

Մարտական պատրաստականությունն առաջնային է

Հունվարի 24-ին ՀՀ ԱԻՆ ՓԾ Քաղաքացիական պաշտպանության վարչության մարտական պատրաստականության և ուսուցման կազմակերպման բաժինը նախարարության սպորտային դահլիճում անցկացրեց գործնական պարապմունքներ:

Պարապմունքներին հետևում էր Քաղաքացիական պաշտպանության վարչության պետ, փ/ծ գնդապետ Մկրտիչ Մարտիրոսյանը, ով նշեց, որ նմանօրինակ միջոցառումները կարևոր են նախևառաջ փրկարարների ֆիզիկական պատրաստվածության մակարդակի բարձրացման համար, ինչպես նաև կձևավորեն ուժեղ և պատրաստված թիմ՝ միջազգային մրցաշարերում Հայաստանը և համակարգը ներկայացնելու համար:

Իրականացվեցին կրակային պատրաստվածության պարապմունքներ.

• Հրաձգության վարժություններ՝ մոտ և հեռու հայտնվող թիրախների խոցումով
• Հրաձգություն տարբեր դիրքերից (կանգնած, ծնկած և պառկած)

Խումբն իրականացրեց նաև զարգացնող համալիր վարժություններ, որոնք իրենց մեջ ներառում էին արագություն, ճարպկություն, դիմացկունություն և ֆիզիկական ուժի զարգացման հիմնական տարրեր:

Պարապմունքները իրականացվում էին ՔՊ վարչության մարտական պատրաստականության և ուսուցման կազմակերպման բաժնի ավագ հրահանգիչ, փոխգնդապետ Ա. Մարտիրոսյանի ղեկավարությամբ:

ՔՊ վարչության մարտական պատրաստականության և ուսուցման կազմակերպման բաժնում այսօր ծառայություն են իրականացնում մայոր Դավիթ Ոսկանյանը, լեյտենանտներ Հարություն Ղազարյանն ու Գևորգ Խունոյանը, ովքեր նշանակալի ձեռքբերումներ ունեն պաշտպանության ոլորտում: Լեյտենանտ Հ. Ղազարյանը 2017թ. մասնակցել է դիպուկահարների համահայկական մրցաշարին և հաղթող ճանաչվել:

Մարտական պատրաստականության և ուսուցման կազմակերպման բաժնի փորձառու խումբն առաջիկայում հրաձգության վարման ու անվտանգության կանոնների թեմայով պարապմունքներ կանցկացնի փրկարարական ողջ անձնակազմի հետ՝ մասնագիտական նոր հարթակ տեղափոխելով նրանց գիտելիքներն ու կարողությունները:

Նշենք, որ մասնագիտական պատրաստության պարապմունքների շրջանակներում ԱԻՆ փրկարար ծառայության ՔՊ վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնում անցկացվում են կրակային պատրաստության պարապմունքներ նաև ծառայության կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների ղեկավար կազմի հետ:

Նույն շարքից