2019 թվական մտել ենք խորհրդարանով, որը ոչ թե ընտրովի է, այլ՝ նշանակովի՝ օրվա իշխանության հերոս Փաշինյանի կողմից ՝ իր քաղաքական ճաշակով՝ առանց իրական ընդդիմության: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ հավելելով, որ խորհրդարանում որպես ընդդիմություն հանդես եկող ուժերից մեկի առաջնորդը հեղափոխության օրերին ակտիվորեն սատարել է Փաշինյանին, իսկ մյուսը՝ ջուր է տարել, սատարել է Փաշինյանին. «8-9 ամսվա ընթացքում Մարուքյանն ու Ծառուկյանը չեն քննադատել Փաշինյանի խայտառակ քաղաքականությունը, և սատարել են նրան: Դրա համար այս խորհրդարանը ճիշտ կլինի անվանել Փաշինյանի և նրան սատարողների խորհրդարան: Հիմա միգուցե փորձեն, քանի որ արդեն սահմանադրությամբ ընդդիմություն են»:
Շարմազանովի խոսքերով, չնայած այն բանին, որ Փաշինյանը հայտարարել էր իզմ-եր չունենալու մասին, նա ունի իզմ, խոսքը վերաբերում է պոպուլիզմին. «Մենք այսօր Հայաստանում ի դեմս Փաշինյանի իշխանության, ունենք պոպուլիստական իշխանություն: Հեղաշրջման ժամանակ Փաշինյանը խոսում էր թոշակները բարձրացնելու, թռիչքային զարգացման, կարմիր գծերն ու տեսախցիկները հանելու մասին: Նրա կողմնակիցները նույնիսկ ներքնաշորերով փակում էին տեսախցիկները: Իսկ Փաշինյանն ու Արարատ Միրզոյանն իզալենտով էին փակում տեսախցիկները: Փաշինյանն ինչ խոստացել է, չի արել»:
ՀՀԿ-ականը նշեց, որ նույնիսկ Փաշինյանի ներկայացրած թվերով, նրա իշխանության արդյունքները նկատելիորեն զիջում են նախկին իշխանության ցուցանիշները. «Ասում է, որ 75,5 միլիոն դոլարի ներդրում է եղել երրորդ եռամսյակում: Իսկ առաջին եռամսյակում, երբ մենք ենք եղել, Փաշինյանի տվյալներով մոտ 93 միլիոն է եղել: Մեր հաշվարկներով ներդրումները մեր ժամանակ եղել են 100 միլիոն»:
ԱԺ նախկին խոսնակը հիշեցրեց նաև Փաշինյանի հետ բանավեճի մասին՝ կապված խոշոր եղջերավորների արտահանման հետ, երբ Փաշինյանը նշեց, որ կենդանիներն ազատագրվելու են և արտահանումը մեծանալու է. «Բա ուր ա, ընկեր, այդ արտահանվածը: Հլը հարց տվեք՝ գյուղատնտեսության, անասնապահության ա՞ճ կա, թե՝ անկում: Գյուղատնտեսության անկումը կազմել է 8,1 տոկոսով: Գյուղերում հարցրեք, տեսեք անասուններն արտահանվում են, թե՝ չէ: Հարցրեք գինն ավելացել է, թե՝ պակասել: Բոլոր ոլորտներում անկում կա»:
Շարմազանովի խոսքերով, խայտառակություն է տիրում Արդարադատության ոլորտում ևս. «Խոսեմ մասնավորապես Քոչարյանի մասին: Իրականացվում է քաղաքական հետապնդում: Նույնը նաև Խաչատուրովի մասով կարող եմ ասել: Ձայնագրությունները բոլորն են լսել: Բոլորն են լսել, թե ինչպես է ՀՔԾ պետը հայտարարում, որ երկու օր կբռնեն խելքի կգա: Սրանից ավել քաղաքական պատվեր լինո՞ւմ է: Ինչ վերաբերում է մարտի 1-ին, ապա դրա պատասխանատուն Լևոն Տեր-Պետրոսյանն է և նրա աջակցիները: Նա այդ օրերին Հայաստանում սերմանել է ատելության և անհանդուրժողականության մթնոլորտ: Այն ժամանակ էլ իշխանությունները սխալներ ունեին, սակայն ես ասացի իմ կարծիքը»: