Հեռուստահաղորդավար Գարիկ Մարտիրոսյանը հայտարարել է, թե համաձայն չէ իր գործընկեր Սերգեյ Սվետլակովի կարծիքի հետ։ Ավելի վաղ Սվետլակովը «Прожекторперисхилтон» շոուի փակման հիմնական պատճառն անվանել է ցենզուրան։ Այս մասին հայտնում է Լենտան։
Մարտիրոսյանի խոսքով, ձևաչափի առումով որևէ սահմանափակում չի եղել, կատակել թույլատրվել է ամեն ինչի մասին․ «Ես բացարձակապես չեմ կիսում նրա կարծիքը։ Ամեն ինչ եղել է ճիշտ հակառակը։ Մեզ որևէ մեկը որևէ բան չի արգելել»,-նշել է հաղորդավարը։
Միևնույն ժամանակ Մարտիրոսյանը շեշտել է, որ կտրականապես համաձայն չէ Սվետլակովի հետ «ոչ որպես կոլեգա, ոչ որպես ընկեր, ոչ էլ որպես իր անձնական հոգեբույժ»․ «Վերջինի մասին նա չգիտի։ Դա նրա համար նորություն կլինի»,-ավելացրել է Մարտիրոսյանը։
Հաղորդավարը կատակել է՝ ասելով՝ միգուցե ինչ-որ մեկն ինչ-որ բան է արգելել Սվետլակովին․ «Միգուցե նա ինչ-որ ձայներ է լսում, և ըստ երևույթին, այդ ձայները նրան արգելում են ինչ-որ բանի մասին կատակներ անել»,-ասել է նա։
Ավելի վաղ Սվետլակովը հայտարարել է, որ «Прожекторперисхилтон»-ը փակվել է ցենզուրայի պատճառով։ Ըստ նրա, հաղորդավարների համար անհնարին է դարձել կատակել որոշ թեմաների շուրջ՝ հեռարձակման ձևաչափի պատճառով։