Մենք սենց ուր ենք գնում ընտրություններին, այս ձևով ընտրված խորհրդարանն ում է պետք, մեկ տարի հետո ես կարող եմ դնել այս խորհրդարանի լեգիտիմության հարցը: Այսօր՝ հոկտեմբերի 3-ին, լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը:
Ռուստամյանի խոսքերով, ՀՅԴ-ն ներկայացնում է 103 հազար ընտրող, եթե դա այդպես չէ, թող բերեն գոնե մեկ փաստ, որ ընտրակաշառքով են ստիպել իրենց ձայն տալ. «Չկա նման բան, դրա համար ես իրավունք ունեմ խոսելու նրանց անունից: Մեր 103 հազարը մաքուր ձայներ են»:
ՀՅԴ-ական պատգամավորը նշեց, որ ինքը չի պատրաստվում խոսել որևէ մեկի լեգիտիմության մասին և միայն խոսում է իր քաղաքական ուժի մասին:
Ռուստամյանի խոսքերով, բնական է, որ ընտրություններից հետո մարդկանց տրամադրությունները փոխվում են, և եթե պետք է դա հիմք ընդունելով խորհրդարանը ետ կանչվի, պետք է հստակ ձևակերպվի դա. «Ո՞վ է տվել երաշխիք, որ նոր ընտրված խորհրդարանում մյուս տարի նույն խնդիրը չի լինի»:
Պատգամավորը Հայաստանում քաղաքական ճգնաժամի բաղադրիչներ չի տեսնում, ինչի մասին խոսել է նաև վարչապետ Փաշինյանի հետ. «Քաղաքական ճգնաժամի մասով նրա նշած միակ պատճառը երեկվա ընդունված օրենքն է: Եթե այդպես է, ուրեմն պետք է չասեն, որ մինչ այդ եղել է: Ես չեմ գտնում, որ ընդունված օրենքը քաղաքական ճգնաժամի է բերել»: