Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է ահաբեկչության դեմ պայքարում նոր մարտավարության անհրաժեշտության մասին՝ հաշվի առնելով Սիրիայում ստեղծված իրավիճակը։ Այս մասին հայտնում է թուրքական Anadolu լրատվական գործակալությունը:
«Հաշվի առնելով այն ամենը, ինչ տեղի է ունենում Սիրիայում՝ հասունացել է նոր քայլեր ձեռնարկելու անհրաժեշտությունը։ Մենք թևակոխել ենք ահաբեկչության դեմ պայքարի նոր փուլ։ Մենք տրամադրված ենք գործել վճռականորեն և ընդունել անհրաժեշտ բոլոր միջոցները՝ ազգային անվտանգության պաշտպանության համար»,-ասել է Էրդողանը:
Թուրքիայի նախագահի խոսքով, երկրի կառավարությունը տարբերություն չի տեսնում ահաբեկչական կազմակերպություններից բխող սպառնալիքների միջև։
«Մեզ համար միևնույն է, թե ինչպես են կոչվում դրանք. բոլորն էլ մեզ համար ահաբեկիչներ են։ Մենք Բարաք Օբամայի հետ հեռախոսազրույց ենք ունեցել և հաստատել ենք ԴԱԻՇ-ի դեմ պայքարում մեր վճռականությունը։ Մեզ համար ԴԱԻՇ-ն ահաբեկչական կազմակերպություն է»,- հայտարարել է Էրդողանը։