Հասարակություն 

Ցեղասպանությունը ճանաչելն ինձ համար ոչինչ է, եթե արդարությունը չվերականգնվի. Սերժ Թանկյան

Թուրքիան պետք է ոչ միայն ճանաչի Ցեղասպանությունը, այլեւ պետք է արդարությունը վերականգնի, որ հայ ժողովուրդը դուրս գա Ցեղասպանության տրավմայից, կարողանա մի կողմ դնել Ցեղասպանության հարցը եւ առաջ շարժվել։ Այս մասին այսօր՝ ապրիլի 22-ին, Հայաստանի Ամերիկյան համալսարանում ուսանողների հետ հանդիպմանն ասաց System of a Down ռոք խմբի վոկալիստ Սերժ Թանկյանը՝ նշելով, որ առանց արդարության վերականգնման՝ Թուրքիայի եւ աշխարհի կողմից Ցեղասպանության ճանաչումն իր համար որեւէ նշանակություն չունի;


«Ցեղասպանությունը հայերին բնութագրող գործոն է դարձել ամբողջ աշխարհում։ Սա եւ դրական, եւ բացասական կողմեր ունի։ Ոչ մի ազգ չի ուզում, որ հավերժ ասոցացվի զոհի հետ։ Մենք իրականում ունենք հսկայական եւ խորը մշակութային ժառանգություն, որը կարող ենք ցույց տալ աշխարհին, իսկ ամենակարեւորը մշակույթն է, մնացած ամեն ինչ անցողիկ է։ Ազգերին միմյանցից առանձնացնում է նրանց մշակույթը, արվեստը, խոհանոցը, այն, թե ինչպես են նրանք խոսում, ծիծաղում։ Մենք պետք է շարունակենք զարգանալ, մեր ուշադրությունը կենտրոնացնել մեր իրավունքների պաշտպանության, մեր ինստիտուտների ամրապնդման եւ մեր քաղաքացիական հասարակության ուժեղացման վրա, որ ունենանք մեր ցանկացած Հայաստանը»,- ասել է Սերժ Թանկյանը։


Սերժ Թանկյանի խոսքով,  իրենք երկրպագուներ ունեն նաև Թուրքիայում և տարիներ առաջ, երբ Թուրքիայի կառավարությունը կեղծ տեղեկություն էր տարածել,  իբր խումբը այրում է Թուրքիայի դրոշը, հենց թուրք երկրպագուներն էին հանդես եկել իրենց պաշտպանությամբ։ Վոկալիստն ասել է, որ կցանկանար մի օր համերգ տալ Թուրքիայում, իսկ վերջերս նույնիսկ իրենք պլանավորում էին նման համերգ Ստամբուլում, սակայն այնտեղից ասել են, որ պետք է համաձայնեցնեն վարչապետի հետ, իսկ Դավութօղլուի վարչապետ դառնալուց հետո այնքան են ձգձգել որոշումը, որ խումբն ինքն է հրաժարվել այդ մտքից։

 

Նույն շարքից