Ըստ Արցախում գործող «Շարժում 88» կուսակցության տարածած հաղորդագրության` «Շարժում 88» կուսակցությունը խստորեն դատապարտում է հունվարի 31-ին ԼՂՀ եւ ՀՀ սահմանին «100-ամյակն առանց ռեժիմի» ավտոերթի մասնակիցների նկատմամբ կատարված բռնությունները, ազատ կամարտահայտման եւ մարդու ազատ տեղաշարժվելու իրավունքի կոպիտ ոտնահարումները։
Հայտարարությունում ասվում է.
«Կատարվածի եւ դրան հաջորդած զարգացումների ողջ պատասխանատվությունն ընկնում է իշխանությունների վրա։
Մենք կոչ ենք անում իշխանություններին զերծ մնալ մարդու իրավունքների ոտնահարմանն ուղղված քայլերից եւ հետամուտ լինել դեպքի մեղավորներին անհապաղ հայտնաբերելու եւ խստագույնս պատժելու մեջ, այլապես այս ամենը կարող է անդառնալի եւ անկանխատեսելի հետեւանքներ ունենալ։
Առողջություն եւ շուտափույթ ապաքինում մաղթելով բոլոր տուժածներին՝ մենք կատարվածի համար ներողություն ենք խնդրում մեր հայրենակիցներից»: