ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը դեկտեմբերի 5-ին ընդունել է Իտալիայի Հանրապետության Սենատի փոխնախագահ Պաոլա Տավերնայի գլխավորած պատվիրակությանը, որը Հայաստանում է ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների կապակցությամբ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի դիտորդների թիմի շրջանակում:
Ողջունելով հյուրերին՝ Արա Բաբլոյանն ընդգծել է, որ Հայաստանն արժևորում է դիտորդական առաքելությունների գործունեությունն ընտրությունների նախապատրաստման և անցկացման փուլում, ինչն անհրաժեշտ է ժողովրդավարության զարգացման և մասնավորապես ընտրական համակարգն ու գործընթացները կատարելագործելու հարցում:
Խորհրդարանի ղեկավարը, անդրադառնալով հայ-իտալական հարաբերություններին, նշել է, որ մեր երկիրը մեծապես կարևորում է Իտալիայի հետ դինամիկ զարգացող հարաբերությունները՝ հիմնված երկու ժողովուրդների պատմական առնչությունների վրա:
Օրենսդիր մարմնի ղեկավարը գոհունակությամբ արձանագրել է, որ երկու երկրներին միավորում և հարաբերություններն առավել ամրապնդում են Իտալիայի հայ համայնքն ու պատմամշակութային, քաղաքակրթական և ժողովրդավարական ընդհանուր արժեքները: Ազգային ժողովի նախագահը շնորհակալություն է հայտնել Իտալիայի իշխանություններին ու ժողովրդին՝ հայ համայնքի նկատմամբ ցուցաբերած ջերմ վերաբերմունքի համար:
Պաոլա Տավերնան, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, նշել է, որ այցը կնպաստի Իտալիայի և Հայաստանի դարավոր բարեկամական կապերի ու փոխգործակցության առավել խորացմանը: «Մենք հիմա մի երկրում ենք, որն ընթանում է ժողովրդավարության ճանապարհով և ցանկանում ենք օգնել այդ գործընթացի ամրապնդման հարցում»,- ասել է Իտալիայի Սենատի փոխնախագահը:
Հյուրերի խնդրանքով Արա Բաբլոյանն անդրադարձել է ներհայաստանյան իրադարձություններին, խորհրդարանական արտահերթ ընտրություններին ու տարածաշրջանային խնդիրներին: