Այսօր՝ ապրիլի 11-ին, խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը, դիմելով ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանին, հայտարարեց, որ վերջինիս ՀՀԿ-ի կազմից որպես տեխնոլոգիա կիրառվեց, մարդիկ տրվեցին այդ տեխնոլոգիաներին և հիմա հիասթափված են:
Ընդդիմադիր պատգամավորը կրկին խոսեց ԵԱՏՄ-ի մասին՝ նշելով, որ սխալ էր այդ կառույցին անդամակցելը, քանի որ հիմա այդ շուկայում ամեն ինչ վատ է, կան պատժամիջոցներ, ռուբլին գահավիժում է, նոր պատերազմ է լինելու. «Մենք ասում էինք, որ Եվրոպայի հետ չաշխատելը խնդիր է, որովհետև մենք մեր ունեցած ձվերը դնում էինք մեկ զամբյուղի մեջ» :
Մարուքյանը ցանկացավ իմանալ, թե ինչ տեսլական ունի կառավարությունը ստեղծված իրավիճակից դուրս գալու համար:
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը, անդրադառնալով խոսքերին, թե մարդիկ հիասթափված են իրենից, ասաց, որ դա Մարուքյանի գնահատականն է:
Ինչ վերաբերում է նրան, որ Հայաստանն աշխատել է միայն ԵԱՏՄ-ի հետ, վարչապետի պաշտոնակատարը համաձայն չէ: Նա նշեց, որ 2017 թվականին Հայաստանը ներմուծում-արտահանման մասով աճ է գրանցել այլ երկրների հետ, ոչ թե ԵԱՏՄ-ի շրջանակներում:
Կարեն Կարապետյանի խոսքերով, վատ է, որ մեզ համար հասկանալի ԵԱՏՄ շուկայում խնդիրներ կան, սակայն դա կատաստրոֆա չէ: