Քաղաքական 

Մենք չենք ասում, թե Փաշինյանը եկել է Արցախի հարցում միակողմանի զիջումների գնալու. Շարմազանով

Քննարկել ենք ներկուսակացական խնդիրներ, կազմակերպչական հարցեր, որևէ արտառոց բան չկա, ամեն ինչ նորմալ ընթանում է, կուսակցությունն իր գործունեությունը պետք է շարունակի: Բնական է անդրադարձ է եղել ներքաղաքական գործընթացներին: Լրագրողների հետ զրույցում ՀՀԿ ԳՄ նիստից հետո հայտարարեց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

«Բնականաբար ամենակարևոր հարցերից են արտաքին քաղաքականությունը, Արցախի հարցը: Այո, մենք ունենք որոշակի մտահոգություններ թե արտաքին քաղաքականության, թե Արցախի հիմնահարցի մասով: Սա չի նշանակում, թե մենք ասում ենք, որ նոր իշխանությունները վարչապետի գլխավորությամբ եկել է Հայաստանը ձախողման տանելու, պարզապես մենք չենք կարող չնշել այն մտահոգությունները որոնք կան, ասողին պետք է լսող լինի»,-նշեց ՀՀԿ խոսնակը:

Շարմազանովի խոսքերով, արդեն որերորդ անգամ հանդիպում են նախարարներ Մնացականյանն ու Մամեդյարովը և հայտարարությունների մեջ խոսք չկա երեք սկզբունքների մասին, ինքնորոշման իրավունքի վերաբերյալ որևէ հղում չկա: Ավելին, Փաշիննյանն ասում է, որ բանակցային գործընթաց չկա, այդ դեպքում ինչ են խոսել այդ 4 ժամվա ընթացքում:

Շարմազանովը խոսեց նաև ԱՄՆ նախկին դեսպանի գնահատականների մասին՝ տարածքներ խաղաղության դիմաց ձևակերպմամբ. «Մեր իշխանության ղեկավարը՝ վարչապետ Փաշինյանը հայտարարեց, որ սա հեռացող դեսպանի հայտարարություն է: Մենք դա այն ժամանակ էլ ենք քննադատել, հիմա էլ ենք քննադատում: Այդ հայտարարությանը հաջորդեց Բոլթոնի այցը, ով հայտարարեց, որ հայ ժողովուրդը պետք է հրաժարվի իր կաղապարներից: Այստեղ էլ գնահատակ չտրվեց: Մենք տեսնում ենք, որ Ալիևն ու Մամեդյարովը ԼՂ-ի հիմանահարցի մասով ինչ-որ հույսեր են կապում, ինչ հույսերի մասին է, մեր իշխանությունները գնահատականներ չեն տալիս: Մենք չենք ասում, որ այս իշխանությունը եկել է միակողմանի զիջումների գնալու համար, մենք ասում ենք, որ այս իշխանությունն անփորձ է, նրա գործունեության ընթացքում մենք կորցնում ենք մեր դիրքերը նաև ղարաբաղյան հիմնահարցում: Երբ Ադրբեջանի ԱԳ նախարարը հայտարարում է, որ պատրաստ է Արցախին տալ ինքնավարության կարգավիճակ Ադրբեջանի կազմում, իսկ Հայաստանից բացի Շարմազանովից, Աշոտյանից ու մի քանի ՀՀԿ-ականից ու ՀՅԴ-ականից գնահատականներ չի հնչում, դրա համար մտահոգություններն ավելանում են»:

Մյուս մտահոգությունը, որի մասին խոսեց Շարմազանով, վերաբերում է ԱԺ նախագահի Արարատ Միրզոյանի հայտարարությանը. «Նա ասաց, որ 2019 թվականին չի վավերացվելու ՀՀ-ի և ԵՄ-ի միջև համաձայնագիրը: Սա այն դեպքում, որ Փաշինյանը խոսում է իրենց հպարտ ու մեր՝ վիզը ծուռ քաղաքականության մասին: Իսկ մենք, նրա ասած վիզը ծուռ քաղաքականության ընթացքում մտել ենք ԵԱՏՄ, բազմաթիվ օգուտներ քաղել, ստորագրել ենք ԵՄ-ի հետ համաձայնագիրը, որտեղ նաև հստակ ձևակերպումներ կան Արցախյան հիմնահարցի մասով՝ կապված նաև ինքնորոշման իրավունքի հետ: Կարծում եմ, որ ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացումը պետք է լիներ առաջնահերթություն: Իսկ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնի կորուստն էլ արդեն ասել ենք»:

 

Նույն շարքից