«Օսմանյան Թուրքիայի կողմից 20-րդ դարասկզբին իրագործված Հայոց Ցեղասպանությունը մեր նորագույն պատմության մեծագույն ողբերգությունն է, որը համարժեք գնահատական և դատապարտություն չստանալով` նախադեպ դարձավ նոր ոճրագործությունների», -այսօր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի մոտ արտասանած իր ելույթւմ ասաց Ամենայն Հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ը:
«Այսօր Արարատահայաց այս բարձունքից, ուր լուսազգեստ հոգիներն են մեր նահատակների, և սրբությունն է մեզ վրա հովանի, բարեխոսական աղոթք ենք վերառաքում երկինք` աղերսով աշխարհին խաղաղություն, մարդկանց մեջ` սեր և համերաշխություն: Մեր սուրբ նահատակները այսօր պատգամ են բերում մեզ և կոչում լինելու առաքյալներ, առաքյալներ` արդարության, դատապարտելու եղեռնագործությունները մարդկության դեմ` ցեղասպանությունները, ահաբեկչությունները, մարդու և ազգերի իրավունքների ոտնահարումները: Մարդասիրության, արդարության ու խաղաղության հովանավոր մեր սուրբ նահատակները կոչում են մեզ լինելու առաքյալներ ճշմարտության` ընդդեմ կեղծիքի քարոզչության ու տարածման, մերժելու ժխտողականությունը, հաղթահարելու անհանդուրժողականությունն ու անտարբերությունը»,- ասաց Հայոց Հայրապետը:
Գարեգին Բ-ը նշեց, որ ցեղասպանության դառն հիշողություններն անցնող 100 տարում չարությամբ ու ոխակալությամբ չեն մթագնել մեր ժողովրդի հոգին: «Մեր վշտին ատելություն չի խառնվել, սակայն եղել ենք անհաշտ խարդավանքների, մեր պատմության խեղաթյուրման հանդեպ, եղել ենք աննահանջ` ճշմարտության պայքարի մեր ճանապարհին: Մեր ժողովուրդն այսօր շարունակում է ապրել շրջափակման և պատերազմի վտանգի պայմաններում, դիմակայում դժվարությունների և իր իրավունքները պաշտպանում մարդու և ազգերի իրավունքների գերակայության հավատով»,- ասաց նա:
Կաթողիկոսն իր ելույթում երախտագիտություն հայտնեց Հայոց Ցեղասպանությունը ճանաչած ու դատապարտած երկրներին, պետական, կրոնական ու հասարակական կառույցներին ու կազմակերպություններին, նաև` բոլոր պետություններին, ժողովուրդներին ու անհատներին, ովքեր Ցեղասպանության դժնդակ տարիներին օգնության ձեռք մեկնեցին և ապաստան տվեցին ցեղասպանության զոհերին:
«Հայրապետիս աղոթքն է, որ մեր ժողովուրդը զորավոր պահի հավատքն ու հայրենյաց սերը, անկասելի` իր իրավունքները վերականգնելու կամքը: Հայցում ենք, որ մեր սուրբ նահատակների բարեխոսությամբ խաղաղությունը, արդարությունը, սերն ու ողորմությունը հավերժ թագավորեն երկրի վրա` հանուն մարդկության շեն, ապահով ու բարօր կյանքի»,-այս աղոթքով ավարտեց իր ելույթը Ամենայն Հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ը: