Հայաստանի Հանրապետությունում պետք է լինի բռնությունից զերծ հանրություն: Մի հանրություն, որտեղ տեղ չունեն բռնություններով հարց լուծելու մտայնությունը, փորձը, քարոզչությունը: Այս պատկերացումը մենք ամեն օր հետևողական աշխատանքով կյանքի ենք կոչում ու կոչելու ենք: Բայց այս դեպքում էլ կարծես ՀՀ-ում սիրո ու համերաշխության մթնոլորտ ձևավորելու մեր անմնացորդ ձգտումը ոմանք կարծես փորձ են անում մեկնաբանել որպես թուլություն: Այս մասին այսօր՝ հունիսի 21-ին, Ոստիկանության զորքերի գլխավոր վարչությունում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Փաշինյանը նշեց, որ որևէ մեկի մոտ թող կասկած չառաջանա, թե ՀՀ կառավարությունը երկչոտության որևէ դրսևորում կամ կամքի որևէ պակաս կունենա ՀՀ-ում Սահմանադրական կարգը, քաղաքացիների իրավունքը, ինքնիշխանությունը, ՀՀ քաղաքացիների ազատությունը, ժողովրդավարությունը պաշտպանելու գործում. «Մեր կամքը չի սասանվի և մեր ձեռքը չի դողա նրանց հետ հարաբերություններւմ, ովքեր կփորձեն ՀՀ-ում վերածնել բռնության քարոզն ու գործելակերպը: Մեր ձեռքը չի դողա, մեր կամքը չի սասանվի»:
Վարչապետը նշեց, որ նույն պատկերացումն ունեն նաև արտաքին սահմանների, ՀՀ-ի և Արցախի անվտանգության պաշտպանության հարցում. «Մենք կողմնակից ենք մեր տարածաշրջանում տևական և կայուն խաղաղություն հաստատելուն, բայց եթե կլինեն ուժեր, որ մեր այս մղումը կփորձեն մեկնաբանել որպես թուլության դրսևորում, այդ ուժերը կստանան մեր հավաքական կամքի, ուժի վճռական հարվածը, հակահարվածը, որը կհեղինակեն նաև ոստիկանության զորքերի այն ծառայողները, ովքեր այսօր ամուր կանգնած են ՀՀ-ի, հայ ժողովրդի անվտանգության և խաղաղության պաշտպանության դիրքերում»:
«Ոստիկանության զորքերի հարգելի զինծառայողներ, ևս մեկ անգամ շնորհավորում եմ Ոստիկանական զորքերի կազմավորման 27-րդ տարեդարձի կապակցությամբ: Մեր կամքը վճռական է, մենք ամուր կանգնած ենք մեր հայրենիքի, մեր հողի վրա, և որևէ թշնամի չի կարող սասանել մեր միասնությունը: ՀՀ բոլոր թշնամիներին սպասում է միանշանակ և անվերապահ պարտություն: Կեցցե ՀՀ-ն, կեցցե ՀՀ ԶՈւ-ն, կեցցե ՀՀ Ոստիկանական ուժերը, կեցցենք մենք և մեր երեխաները, որ ապրում ենք ու ապրելու ենք ազատ և երջանիկ Հայաստանում»,-ասաց վարչապետը: