Ցեղասպանության ինստիտուտ-թանգարանի տնօրեն Հայկ Դեմոյանը կարծում է, որ հայերը չպետք է սպասեն, որ ԱՄՆ նախագահ Օբաման ապրիլի 24-ի իր ուղերձում արտաբերի «ցեղասպանություն» բառը, քանի որ դրանով միայն դատապարտված կլինեն հիասթափության:
«Մի՛ սպասեք Օբամայի խոսքին, որովհետև նա արդեն խախտել է իր խոստումը և ամեն տարի իր ուղերձը լեզվավարժանք է»,- ՀՀ ԿԳՆ նախաձեռնությամբ անցկացվող Համահայկական կրթական վեցերորդ խորհրդաժողովի ժամանակ ասաց Հայկ Դեմոյանը:
Նա նշեց, որ մենք աշխատանքներ իրականացնելու երեք թիրախ ունենք: Առաջին՝ համար մեկ տեղում հայկական լսարանն է: «Մենք լուրջ անելիք ունենք մեր հայկական լսարանին իրազեկելու առումով»,- ասաց Հայկ Դեմոյանը:
«Հաջորդը՝ լսարանի թիրախը ամենևին Օբաման և իր գրասենյակը չէ, դա թուրքական լսարանն է: Մեզ համար ամենակարևորը՝ հարևան երկրի ներսում փոփոխություն ակնկալելն է»,- ասաց Հայկ Դեմոյանը և ավելացրեց, որ դրոշակ վառելով խնդիր չենք կարող լուծել:
«Ինչ միջոցներ ենք մենք գործի դնում թեկուզ փակ սահմանից այն կողմ երիտասարդության վրա ներազդելու ուղղությամբ, որպեսզի իրենք հասկանան, որ նախկինում իրենց նախնիները գործել են ոճիր և ներկա իշխանություններն իրենց ստում են»,- ասաց նա և ավելացրեց, որ գործիքներ պետք է ստեղծել՝ երիտասարդների մոտ իշխանությունների նկատմամբ անվստահություն ստեղծելու առումով:
Երրորդ թիրախը, ըստ Հայկ Դեմոյանի, միջազգային լսարանն է: Նա կարծում է, որ միջազգային հանրությանը՝ Հայոց ցեղասպանության թեման պետք է մատուցենք՝ կապ ստեղծելով իրենց երկրի պատմության հետ: