ՀՀ սփյուռքի նախարարի՝ սփյուռքահայերին ուղղված կոչը՝ 1000 դոլար ներդնել հայաստանյան բանկերում ՀՀ տնտեսությունը զարգացնելու համար, Հրանուշ Հակոբյանի գաղափարը չէ, այլ առաջ է քաշվել դեռ երկու տարի առաջ: Լրագրողների հետ զրույցում նախարարը հուշեց, թե 2013թ-ին բանկերի և ֆինանսիստների համաժողովի ժամանակ է նման գաղափար առաջ քաշվել:
«Դա նորություն չէ, միշտ էլ դրա մասին խոսում ենք: Ես շնորհակալ եմ լրագրողներին, որ նման աղմուկ բարձրացրեցիք, սփյուռքահայերին օգնեցիք, որ նրանք վերհիշեն: Օրեր առաջ Բարեգործական ընդհանուր ժողովում նույն միտքը ներկայացվեց բանկային համակարգը հզորացնելու համար. մենք դրանով նրանց չենք վնասում, ընդհակառակը՝ իրենք տոկոսներ են ստանում և երկրորդ՝ դրանով զբոսաշրջությունն է զարգանում, երբ ներկայացվեց միտքը, բարեգործականի 300 հոգին հոտնկայս ծափահարեց»,-ասաց նա:
Իսկ թե ինչո՞ւ այդ դեպքում ավելի շատ բացասական արձագանքներ հնչեցին, նախարարը հակադարձեց, թե դեմ արձագանքը լրագրողների կողմից էր, և ոչ թե Սփյուռքի:
Հարցին, թե այդ դեպքում կոչին արձագանքներ եղե՞լ են ու ներդրումներ կա՞ն, նախարարը խորհուրդ տվեց բանկերից հարցնել: Հարցին, թե ինչու նա հայ օլիգարխներին խորհուրդ չի տալիս իրենց միլիոնները պահել հայկական բանկերում և ոչ թե արտասահմանյան, ինչպես նաև Կաթողիկոսը, Հրանուշ Հակոբյանը պատասխանեց, թե հարցադրումը տեղին չէ:
«Հայ Յեղափոխական Դաշնակցության» պատգամավոր Արծվիկ Մինասյանը համակարծիք է սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի հետ, թե սփյուռքահայերի կողմից 1000-ական դոլար բանկում փող ներդնելը կարող է տնտեսությանը որոշակի աշխուժություն ապահովել, սակայն, մինչ այդ, ըստ նրա, պետք է ներդրումների համար բարենպաստ միջավայր ապահովել:
«Ցանկացած դեպքում, եթե բանկերի ծավալները մեծանան, դա իհարկե ֆինանսական հնարավորություն է, հետո արդյո՞ք միայն այդ կոչն է բավարար, որ այդ փոխանցումները լինեն: Կոչից զատ պետք է հիմնավորումներ լինեն, որ մարդիկ, ովքեր ներդրումներ պետք է կատարեն, տվյալ դեպքում՝ ավանդների տեսքով, նրանք պետք է վստահ լինեն, որ այդ ավանդների թե՛ գումարները, թե՛ տոկոսադրույքները երաշխավորված են»,-լրագրողների հետ զրույցում ասաց նա:
Արծվիկ Մինասյանը նշեց, որ իհարկե կա երաշխավորվածության նվազագույն հնարավորություն ների, սակայն դա բավարար չէ:
«Ներդումային միջավայրը փոփոխելու հնարավորություն պետք է իրականացվի, որպեսզի արտասահմանյան ներդրումները, հատկապես սփյուռքահայերի ներդրումները լինեն երկարաժամկետ, վստահելի և կարողանան ունենալ կայուն զարգացում»,-ասաց նա:
Դիտարկմանը, թե արդյո՞ք նման կոչն անհեթեթ չէ, հաշվի առնելով, որ հայ օլիգարխներն իրենց գումարը պահում են դրսում, Արծվիկ Մինասյանը պատասխանեց, որ ոչ։
«Երբեք աբսուրդային չէ, որովհետև ցանկացած դեպքում օլիգարխ կլինի, թե մեծահարուստ որևէ անձ, ինքն է որոշում կայացնում իր կապիտալի տեղաբաշխման մասով, բայց երբ մենք խոսում ենք ընդհանուր ներդումային միջավայրը բարելավելու մասին, նաև՝ վստահության վերականգնման, սա հիմնարար լուծում է պահանջում, և չպետք է հակադրել սա այս կոչերին: Միայն սփյուռքի նախարարը չէ, բոլորը պետք է կոչ անեն, բայց կոչից զատ անհրաժեշտ է, որպեսզի ենթակառուցվածքները ապահովեն»,-ասաց նա: