Եթե այսքանից հետո խոսք պիտի լինի Ավետիսյանների գործը Ռուսաստանի Դաշնությունում քննելու մասին, ապա, կարծում եմ, դա բարոյական չէ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ավետիսյանների իրավահաջորդի ներկայացուցիչ Երեմ Սարգսյանը:
Հարցին, թե ինչպես է վերաբերում գործի դատավարությունը ՀՀ-ում անցկացնելու մասին լուրերին, փաստաբանը նշեց հետեւյալը. «Ռազմաբազայի հետ կապված հայ-ռուսական միջպետական համաձայնագիրը սահմանում է, որ այն քրեական գործերը, որոնք ՌԴ իրավասության ներքո են գտնվելում, կարող են քննվել կամ ՀՀ տարածքում՝ ռազմաբազայի տարածքում, կամ ՌԴ-ում: Այսինքն՝ միջպետական համաձայնագիրը կամ, կամ-ը սահմանելով՝ հնարավորություն է տալիս ընտրել, թե որտեղ իրականացվի դատաքննությունը: Կարծում եմ՝ այդ հայտարարությունները բացարաձակապես տեղին չեն, սա հերթական, սովորական, մանր հանցագործություն չէ, մի ամբողջ ընտանիքի ողբերգություն եւ սպանություն է: Եթե սրանից հետո անգամ խոսք լինի, որ այս գործը պետք է քննվի ՌԴ-ում, դա, կարծում եմ, բարոյական չէ: Այս հայտարարություններով փորձում են ցույց տալ, թե մեզ ընդառաջ քայլեր են անում, ինչը տեղին չէ»,- ասաց նա:
Փաստաբանից տեղեկացանք, որ դատագենետիկական փորձաքննության եզրակացությունը չեն ստացել, դրանից հետո միայն կանդրադառնան դատաբժշկական փորձաքննությանը:
Նշենք, որ Ռուսաստանի Պետդումայի ԱՊՀ հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Օլեգ Լեբեդեւը հայտարարել է, որ ռուսական զինծառայող Վալերի Պերմյակովի դատավարությունը կանցկացվի Հայաստանում:
Հիշեցնենք, որ հունվարի 12-ին Հայաստանում ռուսական ռազմաբազայի զինծառայող, շարքային Վալերի Պերմյակովն առանց թույլտվության լքել էր ծառայությունն ու զենքով դուրս եկել քաղաք: Գյումրիի տներից մեկում նա գնդակահարել էր Ավետիսյանների ընտանիքի 6 անդամի եւ դանակահարել 6 ամսական փոքրիկի, որը նույնպես ավելի ուշ հիվանդանոցում մահացել է: