Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը նիստի ընթացքում բարձրաձայնեց «Շրջանառության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումեր կատարելու մասին արդեն իսկ վավերացված օրենքից առևտրականների դժգոհության մասին: «Դրսում այս պահին բազմաթիվ առևտրականներ են հավաքված, ովքեր դժգոհում են այդ օրենքից և պահանջում են լուծել իրենց խնդիրները: Մեր կողմից արդեն նախապատրաստվել է օրենքում համապատասխան փոփոխություններ կատարելու նախագիծը»,- ասաց Մելքումյանը:
Նա մյուս քաղաքական ուժերին կոչ արեց միանալ իրենց նախաձեռնությանը և առաջարկներ ներկայացնել: «Եթե այլ քաղաքական ուժերից կան առաջարկներ, մենք պատրաստ ենք լսել դրանք և քննարկել»,- ընդգծեց պատգամավորը:
Ազգային ժողովի դիմաց այսօր մայրաքաղաքի տարբեր տոնավաճառների աշխատակիցներ բողոքի ակցիա են անցկացնում: Առևտրականները պահանջում էին Ազգային ժողովից հետ կանչել շրջանառության հարկի մասին օրենքում փոփոխությունների վերաբերյալ վավերցաված օրենքը, որն ուժի մեջ կմտնի հոկտեմբերի 1-ից: ԲՀԿ և ՀԱԿ խմբակցությունների պատգամավորները հանդիպեցին ցուցարարների հետ: Նախագծերից մեկով առևտրականները հնարավորություն կունենան կամավոր դիմել և աշխատել դեռևս գործող կարգով, այսինքն 3.5 տոկոս շրջանառության հարկով և առանց փաստաթղթավորման: Նախագծերից մյուսով պատգամավորները կառաջարկեն բարձրացնել շրջանառության հարկի շեմ հանդիսացող տարեկան 58 միլիոն դրամ շրջանառությունը՝ հասցնելով այն 1220 միլիոն դրամի, քանի որ փաստաթղթերով աշխատելու դեպքում ՓՄՁ-ների տարեկան շրջանառությունը կարող է գերազանցել 58 միլիոն դրամը, ինչի հետևանքով նրանք արդեն կընկնեն ավելացված արժեքի հարկի տակ: