Հասարակություն 

Մոմավառություն Ազատության հրապարակում` ողբերգական վթարի զոհերի հիշատակին

Տուլայի մարզում նոյեմբերի 3-ին տեղի ունեցած Մոսկվա-Երեւան ուղերթ իրականացնող ավտոբուսի վթարի զոհերի հիշատակին Երեւանի Ազատության հրապարակում այսօր` նոյեմբերի 4-ին, մոմավառություն է կազմակերպվել: Տասնյակ քաղաքացիներ Օպերայի շենքի աստիճաններին մոմեր են վառում զոհվածների հոգիների հանգստության համար:

Օպերայի շենքի աստիճաններին ոչ միայն մոմեր են, այլեւ ծաղիկներ եւ ողբերգական ավտովթարի լուսանկարները:

Հիշեցնենք, որ 2015թ. նոյեմբերի 3-ին, ժամը 02:10-ին, Տուլայի մարզի Ուզլովյան շրջանի Մ-4 «Դոն» ավտոճանապարհի 221 կիլոմետրում Մոսկվայից Երեւան ուղեւորվող  «Higer» ավտոբուսը վթարի է ենթարկվել։ Ավտոբուսում 59 ուղեւոր է եղել, որոնցից 8-ը զոհվել է: Նրանցից 3-ը՝ Հրաչ Բադալյանը, Գագիկ Մանուկյանն ու Վարուժան Ստեփանյանը, Գեղարքունիքի Գեղամավան, իսկ Արտաշես Հովհաննիսյանը՝ Ներքին Գետաշեն համայնքներից էին, Սպարտակ Նալբանդյանը՝ Տավուշի մարզի Գանձաքար գյուղից, իսկ Գառնիկ Հակոբյանը՝ Լոռու մարզի Հարթագյուղ համայնքից:

Բոլոր տուժածներին տեղափոխել են Ուզլովայա, Կիրեեւսկ եւ Բոգորոդիցկ քաղաքների հիվանդանոցներ։ Ներկայումս ոստիկաններն ուսումնասիրում են տրանսպորտային միջոցի տեխնիկական անսարքության տարբերակը՝ միաժամանակ չի բացառվում այն վարկածը, թե վարորդը քնել է ղեկին:

Ավտոբուսի վարորդ Գառնիկ Հարությունյանը կալանավորվել է:

Նույն շարքից