Այսօր՝ Ֆրանսիայի Տուլոն քաղաքում բացվել է Մուսա լեռան հաղթական հերոսամարտի 100-ամյակին նվիրված հուշարձան, որը ֆրանսահայ գեղանկարիչ, քանդակագործ հայր և որդի` Ժերայր ու Դավիդ Փամբուկչյանների համատեղ աշխատանքն է:
Հուշարձանը բացվել է ի երախտագիտություն ֆրանսիական ծովուժի երրորդ նավատորմի ծովակալ Լուի Դարտիժ դյու Ֆուրնեին, փոխծովակալ Գաբրիել Դարիոյին և «Գիշեն» մարտանավի նավապետ Բրիսոնին, ովքեր 1915թ.-ի սեպտեմբերի 12-13-ին «Ֆուտր», «Տ՚եսթրե», «Գիշեն», «Ադմիրալ Շարնե» և «Տեսո» մարտանավերի վրա վերցնելով 4100 մուսալեռցիների, փրկեցին վերջիններիս կյանքը:
Միջոցառմանը մասնակցել են Միջերկրական ռազմածովային բազայի պրեֆե, փոխծովակալ Իվ Ժոլին, Տուլոնի սենատոր-քաղաքապետ Հուբեր Ֆալկոն, ՀՀ հյուպատոս Սամվել Լալայանը, ԱԺ պատգամավոր-փոխքաղաքապետ Ժենեվիեվ Լեվին բարձրաստիճան զինվորականներ, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, ֆրանսիական և հայկական կազմակերպությունների նախագահներ, հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ: Այս մասին հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը:
Իրենց ելույթներում բանախոսները նշել են, որ մուսալեռցիների տարհանման և փրկության գործում անգնահատելի էր հատկապես ֆրանսիական 3-րդ նավատորմի հրամանատար ծովակալ Դարտիժ դյու Ֆուրնեի դերը: