«Ես չեմ կարծում թե վաղվանից խախտումներն ընդհանրապես բացառվելու են, բայց հուսով եմ, որ շատ ավելի հանդարտ կլինի, քան՝ եղել է մինչ այսօր»,-ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը՝ Վիեննայում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումից հետո Հայաստան վերադառնալու ճանապարհին օդանավում տված հարցազրույցի ժամանակ:
Խոսելով ապրիլյան պատերազմի ժամանակ կորցրած տարածքների մասին՝ նախագահը նշել է. «Եթե զուտ մետրով չափենք, ապա պետք է ասեմ, որ հայկական ուժերը, որոնք որպես անվտանգության գոտի ունեին 800 հազար հեկտար, կորցրել են 800 հեկտարի չափ տարածք: Ռազմավարական, մարտավարական առումով այդ տարածքները որևէ նշանակություն չունեն: Զուտ հոգեբանական առումով ադրբեջանցիներն իրենց ժողովուրդին կարող են համոզել, որ ինչ-որ արդյունքի հասել են: Բայց ուզում եմ մի համեմատություն անենք՝ 800 հեկտար և յուրաքանյուր հեկտարի համար 1 զոհ երկու վիրավոր: Իհարկե միայն Բաքուն գիտի իր զոհերի ճիշտ թիվը: Համեմատեք տեսեք, թե քանի զոհ էին ունենալու, եթե ցանկանային գրավել այդ 800 հազար հեկտարը»:
Ամեն դեպքում նախագահը նշել է, որ հայկական կողմերը կարող են ետ բերել այդ տարածքները, սակայն պետք է հասկանալ՝ արդյո՞ք արժե 800 հեկտարի համար կորցնել երիտասարդ տղաների, որոնց կարիքը դեռ ունենալու ենք: