Քաղաքական 

Նախագահ Սարգսյանը հեռախոսազրույցներ է ունեցել ու շնորհավորել Կասիմ-Ժոմարտ Տոկաևին և Դարիղա Նազարբաևային

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ և շնորհավորել նրան պաշտոնը ստանձնելու առթիվ:

Նախագահ Արմեն Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ երկու երկրների ու ժողովուրդների միջև առկա բարեկամության և փոխադարձ հարգանքի ավանդույթներն ապագայում էլ կշարունակեն ծառայել իբրև վստահելի հիմք Հայաստանի ու Ղազախստանի միջև փոխշահավետ համագործակցության զարգացման ու խորացման համար:

Նախագահ Արմեն Սարգսյանը Կասիմ-Ժոմարտ Տոկաևին մաղթել է քաջառողջություն ու հաջողություններ, իսկ Ղազախստանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն ու բարգավաճում:

Հանրապետության նախագահը նաև շնորհավորական ուղերձ է հղել Կասիմ-Ժոմարտ Տոկաևին՝ Ղազախստանի Հանրապետության նախագահի պաշտոնը ստանձնելու առթիվ: «Համոզված եմ, որ համատեղ ջանքերով մենք կկարողանանք նոր խթան հաղորդել մեր երկրների միջև միջպետական փոխգործակցության արդյունավետության բարձրացմանը»,- ասված է նախագահի շնորհավորական ուղերձում:

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել նաև Ղազախստանի Հանրապետության Խորհրդարանի Սենատի նորընտիր նախագահ Դարիղա Նազարբաևայի հետ և շնորհավորել նրան այդ բարձր պաշտոնում ընտրվելու առթիվ:

Ջերմ ու բարեկամական զրույցի ընթացքում նախագահ Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ Դարիղա Նազարբաևայի հարուստ փորձն ու գիտելիքները նոր պաշտոնում լավագույնս կծառայեն բարեկամ Ղազախստանի հետագա առաջընթացին, ինչպես նաև հայ-ղազախական միջխորհրդարանական կապերի զարգացմանը:

Նախագահ Արմեն Սարգսյանը Դարիղա Նազարբարևային մաղթել է առողջություն, անսպառ եռանդ և հաջողություններ պատասխանատու գործունեության մեջ, իսկ Ղազախստանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն ու բարօրություն:

Հանրապետության նախագահը նաև շնորհավորական ուղերձ է հղել Ղազախստանի Սենատի նախագահ Դարիղա Նազարբաևային:

Կարևորելով հայ-ղազախական միջխորհրդարանական կապերը՝ նախագահ Սարգսյանը հույս է հայտնել, որ Հայաստանի և Ղազախստանի ժողովուրդների միջև առկա բարեկամական հարաբերությունները և փոխադարձ հարգանքն ամուր հիմք կծառայեն երկու պետությունների խորհրդարանների արդյունավետ համագործակցության խորացման համար:

 

 

 

Նույն շարքից