Հայաստան 

Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել նաև Չիլիի ազգային կոնգրեսի ներկայացուցիչների պալատի նախագահի հետ

Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել նաև Չիլիի ազգային կոնգրեսի ներկայացուցիչների պալատի նախագահի հետ:

Նախագահ Սերժ Սարգսյանը Չիլիի հանրապետություն պաշտոնական այցի շրջանակներում հուլիսի 11-ին հանդիպում է ունեցել Չիլիի ազգային կոնգրեսի ներկայացուցիչների պալատի նախագահ Ալդո Կոնրեխո Գոնսալեսի հետ:

 

Հանդիպման ընթացքում երկուստեք մեծապես կարևորվել է խորհրդարանականների դերը միջպետական կապերի, ինչպես նաև երկու ժողովուրդների միջև բարեկամության ամրապնդման գործում, ընդգծվել է միջխորհրդարանական փոխգործակցության զարգացման անհրաժեշտությունը: Հայաստանի և Չիլիի խորհրդարաններում ձևավորված բարեկամության խմբերը, զրուցակիցների կարծիքով, էական աջակցություն կարող են ունենալ այդ հարցում և առաջիկայում մեծ աշխատանք ունեն իրականացնելու: Օրենսդիր մարմինների փոխգործակցությունը, Նախագահ Սերժ Սարգսյանի և Չիլիի ազգային կոնգրեսի ներկայացուցիչների պալատի նախագահ Ալդո Կոնրեխո Գոնսալեսի համոզմամբ, կխթանեն նաև առևտրատնտեսական ու մշակութային կապերը:

 

Հաշվի առնելով օրենսդիր գործունեության մեջ Ալդո Կորնեխո Գոնսալեսի երկարամյա փորձը, գիտելիքներն ու բարձր հեղինակությունը՝ ՀՀ Նախագահը նշել է, որ կցանկանար, որպեսզի նա անձամբ նախաձեռնող լիներ հայ-չիլիական միջխորհրդարանական համագործակցության ընդլայնման գործում: 

 

Ալդո Կոնրեխո Գոնսալեսը վստահեցրել է, որ կներդնի բոլոր ջանքերը` իր իրավասությունների շրջանակներում սերտացնելու Հայաստանի խորհրդարանի հետ կապերը: Նա կարևորել է բարեկամության խմբի չիլիացի պատգամավորների այցը Հայաստան, ընդգծելով, որ այն անպայմանորեն պետք է ունենա հստակ օրակարգ, համագործակցությունն անհրաժեշտ է տեղափոխել գործնական հարթություն` մեկ առ մեկ լուծելով բոլոր խնդիրները:

 

Միջխորհրդարանական փոխգործակցության համատեքստում Նախագահ Սերժ Սարգսյանը կարևորել է 2007թ. հունիսին Չիլիի Սենատի կողմից ընդունված Հայոց ցեղասպանության ճանաչման որոշումը, որը, Հայաստանի Նախագահի համոզմամբ, հայ-չիլիական բազմամյա բարեկամության նոր էջ բացեց՝ միաժամանակ երկու երկրների միջխորհրդարանական կապերին հաղորդելով առանձնակի բնույթ:

Նույն շարքից