Քաղաքական 

Նիկոլ Փաշինյանը РБК-ին հայտնել է, թե երբ հրաժարական կտա ու ինչ չի ների իր շրջապատին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը РБК-ի հետ զրույցում վստահեցրել է, որ իրեն հաջողվել է վերացնել մոնոպոլիան՝ նշելով, որ Հայաստանում հիմա չկա որևէ արգելք շուկա մտնելու համար. «Բայց բիզնեսմեններն ու մարդիկ ունեն հավասար պայմաններ, դրա համար մենք ասում ենք, որ մեզ հաջողվեց արմատախիլ անել մենաշնորհը: Դա չի նշանակում, որ ինչ-որ մեկը դադարում է զբաղվել որևէ ապրանքի առքուվաճառքով, դա նշանակում է, որ ուրիշներն էլ կարող են մտնել շուկա: Իսկ նախկինում նման հնարավորություններ չեն եղել, հիմա այդ հնարավորությունները կան, դրանք ոչ միայն գոյություն ունեն, այլ նաև գործում են: Երբ ես դարձա վարչապետ, կանչեցի բոլոր գործարարներին և ասացի, որ այս պահից չունեն որևէ կոռուպցիոն պարտականություններ, վերջ, այսքանով ամեն ինչ ասված է, այսինքն, ոչ ոք ոչ մեկին ոչինչ չպետք է վճարի, եթե այդ պահանջը չկա օրենքով»:

Լրագրողի այն հարցին, թե բոլորն ամեն ինչ հասկացա՞ն և, ոչ ոք չփորձե՞ց կաշառք առաջարկել, Փաշինյանը պատասխանեց, թե ինչ-որ պահից զգացել է, որ կարող է որոշակի փորձեր լինեն, ինչ-որ նվերներ փորձեն անել. «Ես ուղղակի արգելեցի իմ թիկնապահներին, ասացի, որ ոչ ոք իրավունք չունի իմ աշխատասենյակ բերել որևէ բան, բացի փաստաթղթերից»:

Դիտարկմանը, որ մինչև Թավշյա հեղափոխությունն ինքը բազմիցս նշել է, որ իրեն դուր չի գալիս, թե ինչպես են վերաբերվում Հայաստանին միջազգային կազմակերպություններում՝ այդ թվում ՀԱՊԿ-ում և ԵԱՏՄ-ում, և հարցին արդյո՞ք իր վարչապետ դառնալուց հետո որևէ բան փոխվել է, Հայաստանի ձայնն ավելի ծանրակշի՞ռ է դարձել, Փաշինյանն ասաց. «Ես կարող եմ հստակ ասել, որ Հայաստանի ձայնն ավելի լսելի է, կա ավելի կառուցողական գործընթաց»:

Ինչ վերաբերում է այն փոփոխություններին, որոնք պետք է անի կառավարությունը, Փաշինյանը նշեց, որ ներդրումների համար պետք է ավելի պարզեցվեն ընթացակարգերը. «Ինչքան շատ նախարարություններ կան, այնքան շատ պետք է կարգավորել, և չափիվ շատ արգելքներ են ստեղծվում բիզնեսի համար»:

Նա նշեց, որ նախարարությունների կրճատում է լինելու, և հույս ունեն, որ դրա արդյունքում կկրճատվի կարգավորումների թիվը, այն կարգավորումների, որոնք պետք չեն, օգտակար չեն, պետք է թողնել միայն այն կարգավորումները, որոնց կարիքն ունի պետությունը:

Ինչ վերաբերում է նրան, թե ինչքանով է ճիշտ, որ այսօր Ռոբերտ Քոչարյանը կալանավորված է մի քրեական գործի շրջանակներում, որը հարուցված է 10 տարի առաջ տեղի ունեցած իրադարձությունների քննման համար, Փաշինյանը պատասխանեց, որ այս պահին ՌԴ-ում հարուցված քրեական գործ Մեծ Հայրենական պատերազմի հետ կապված. «Եթե խոսքը վերաբերում է մարդկային կյանքերին, ապա պետք չի դնել ինչ-որ սահմանափակումներ, նաև համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի, կա ժամանակ, կա ժամանակահատված, որը նախատեսվում է օրենքով: Այսինքն, եթե այդ քրեական գործը շարունակվում է, ապա վաղեմության ժամկետը չի լրացել»:

Լրագրողի այն դիտարկմանը, թե կարելի՞ է ասել, որ Փաշինյանի համար դա սկզբունքային հարց է, վերջինս պատասխանեց. «Ոչ թե ինձ համար է սկզբունքային հարց, այլ Հայաստանի համար, քանի որ երբ մահանում է 10 քաղաքացի, դա չի կարող հենց այնպես անցնել, պետք է հասկանալ»:

Հարցազրույցի վերջում լրագրողը մի քանի անձնական հարց տվեց Նիկոլ Փաշինյանին, որոնց պատասխաններից պարզվեց, որ Փաշինյանը հիմա ժամանակ չունի լսել երաժշտություն, ազատ ժամանակ զբաղվում է ընթերցանությամբ, կարդում է հայ ազգի պատմություն: Ինչ վերաբերում է այն հարցին, թե որ դեպքում կարող է հրաժարական տալ, Փաշինյանն ասաց, եթե դա լինի ժողովրդի կամքը:

Պարզվեց նաև այն, թե ինչը չի ների ՀՀ վարչապետն իրեն շրջապատող անձանց և իր թիմակիցներին՝ Փաշինյանը երբեք չի ների հեղափոխության արժեքներին դավաճանելը:

Նույն շարքից