Քաղաքական գլխավոր 

Նիկոլ Փաշինյանը տեսնում է, որ ես եմ նրանով զբաղվում ու լավ գիտի դրա հետևանքները. Դավիթ Շահնազարյան

Խրամատի այն կողմում ուժեր են, որոնք Նիկոլ Փաշինյանի կամակատարներն են, իսկ ՀՀ քաղաքացին, պետք է գիտակցի, որ իր ձայնը, որը կտա Փաշինյանին, դա հարված է Արցախին և ՀՀ ինքնիշխանությանը, իսկ այն քաղաքացին, ով դա չի գիտակցում, դրա համար մոտ ապագայում զղջալու է: Այսօր՝ դեկտեմբերի 5-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀԿ ցուցակով ընտրություններին մասնակցող Դավիթ Շահնազարյանը:

Շահնազարյանը նշեց, որ շատերն են պաշտպանել, այսպես կոչված, հեղափոխությունն ու շատերն արդեն հասկանում են, թե ինչ սխալ են գործել․ «Ինքներդ ձեր առաջ սրբագրեք դա: Հիմա այդ սրբագրումն անելու ժամանակն է»:

Հարցին, թե չի վախենում, որ իր հայտարարությունները կլինեն մերկապարանոց, քանի որ ինքը պետական դավաճանության մեջ է մեղադրում իշխանություններին, սական փաստեր չի ներկայացնում, Շահնազարյանը հայտարարեց. «Դուք ուշադրությամբ մի անգամ էլ դիտեք իմ երեկվա ասուլիսը: Այնտեղ ոչ միայն փաստեր են, այլ նաև տրվել են բոլոր հիմնավորումները: Երեկ ես չեմ ներկայացրել բոլոր փաստերը, նոր փաստեր էլ կներկայացնեմ, բայց այն, ինչ ներկայացնելու եմ, ներկայացնելու եմ հանրությանը: ԱԱԾ-ն այն տեղը չէ, որտեղ ես պետք է քննարկեմ Արցախի վրա կախված վտանգները, ես այն քննարկելու եմ հրապարակայնորեն»:

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի կողմից րոպեներ առաջ արված գրառմանը՝ Շահնազարյանը նշեց, որ դա հերթական մանր սպառնալիքն է. «Իմիջիայլոց, ես իրավական գնահատական չեմ տվել: Դա անում է Նիկոլ Փաշինյանը: Նրա վիճակն էլ պետք է հասկանալ: Նա պարզ տեսել է, որ ես եմ նրանով զբաղվում ու լավ գիտի, թե դրա հետևանքներն ինչ են լինելու: Թող ինձ չդնի իր թուլակամ ՀՔԾ-ի տեղը: Դա շարունակվելու է այնքան ժամանակ, քանի դեռ նա չի հեռացել իշխանությունից և չի եկել նրա ցուցմունք տալու ժամանակը»:

Ինչ վերաբերում է Սասուն Միքայելյանի հայտարարությանը, որ Շահնազարյանը 2008 թվականի մարտին հանդիպել է իր հետ և խորհուրդ տվել հրապարակ չգնալ, քանի որ պետականորեն որոշում կա նրա վրա կրակելու մասին, ԱԱԾ նախկին պետն ասաց, որ նման հանդիպում չի հիշում, սակայն չի էլ կարող բացառել. «Բայց նա հիմա փորձում է թեման փոխել: Ես պատրաստ եմ բոլորի հետ խոսել նաև այդ հարցերով: Սակայն ես ամենայն պատասխանատվությամբ հայտնում եմ, որ երեկվա իմ ասուլիսի ժամանակ Օմարի մասին ասվածս վերաբերում է Սասուն Միքայելյանին: Այդ միջադեպի հետ կապված ես պատրաստ եմ ներկայացնել նաև այլ մանրամասներ, եթե նա շարունակի»:

Նույն շարքից