Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը չգիտի, թե ուր են տարել իր ամուսնուն: Այս մասին քիչ առաջ նա հայտարարեց Արցախի պողոտայում, լրագրողների հետ զրույցի ժամանակ՝ նշելով, որ տանից է գալիս, ցանկանում էր միանալ երթին, սակայն ճանապարհները փակ էին և ստիպված է եղել մեքենան հեռվում կանգնեցնել:
Ավելի վաղ հայտնել էինք, որ մոտ կես ժամ առաջ կարմիր բերետավորներն ինչ-որ տեղ են տարել Նիկել Փաշինյանին, ավելի ուշ նաև Սասուն Միքայելյանին և Արարատ Միրզոյանին: Ոստիկանությունը նշել է, որ ավելի ուշ պարզաբանում կտարածի:
Տիկին Հակոբյանը ասաց, որ ուզում է լրագրողներից տեղեկություններ ստանալ կատարվածի մասին:
Ինչ վերաբերում է նրան, թե կանխատեսում էր արդյո՞ք Փաշինյանը նման զարգացումների մասին, վերջինիս կինն ասաց, որ այդ մասին պատգամավորը խոսել է նաև հարթակից:
Հակոբյանը նաև նշեց, որ չի վախենում իր և իր երեխաների անվտանգության համար՝ հավելելով, որ ինքը պատրաստ չէ ղեկավարելու շարժումը, եթե Փաշինյանին կալանավորեն, քանի որ ինքը բոլորից մեկն է և կազմակերպչական հարցերից տեղյակ չէ:
Փաշինյանի կինը նաև կարծիք հայտնեց, որ վերջինիս տանելու որոշումը կայացվել է վարչապետ Սերժ Սարգսյանի կողմից: