Դեռ քարոզարշավը չմեկնարկած ողջ իշխանական մեդիադաշտը, իշխանությունները, իշխանությունը սպասարկող քաղաքական ուժերը սկսել են գուժել, որ ՀՀԿ-ն ստանալու է զրո ձայն: Այսօր՝ նոյեմբերի 26-ին, լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Արմեն Աշոտյանը՝ հավելելով, որ դա առաջին հերթին անարգանք է ՀՀ քաղաքացիների նկատմամբ:
«Ակնհայտ է, որ մենք ստանալու ենք տասնյակ հազարավոր ձայներ: Եթե անգամ չանցնենք խորհրդարան, այդ տասնյակ հազարավոր մարդիկ ՀՀ լիարժեք քաղաքացիներ են: Կեղծ դեմոկրատական իշխանություններն ի սկզբանե այդ մարդկանց հանում է իրականությունից, նրանց դարձրել են քննադատության թիրախ, մարդիկ սկսել են վախենալ կարծիք հայտնել: Ինձ բազմաթիվ մարդիկ ասել են, որ չեն գալու շտաբեր, որովհետև չեն ուզում հայտնվել ուշադրության կենտրոնում, վախենում են աշխատանք կորցնել, չեն ուզում, որ ինչ-որ մարդիկ գնան իրենց տներ և հարցնեն, թե ինչու են գնացել Աշոտյանի շտաբ, բայց նրանք ասել են, որ ձայն են տալու մեզ: Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին դեկտեմբերի 9-ի գիշերը սպասում է մեծ անակնկալ»,-ասաց Աշոտյանը:
Արփինե Հովհաննիսյանն իր հերթին ասաց՝ կարևոր է, որ Փաշինյանն ու իր թիմը հասկանան, որ իրենք իշխանություն են, այլևս ընդդիմություն չեն և պատասխանատվություն են կրում բոլորի համար. «Նրանք պատասխանատու են ինձ համար, Աշոտյանի համար, ՀՀԿ-ի համար, մեզ ընտրողների համար, նրանց լավ կյանքի համար: Նրանք պատասխանատու են բոլոր այն քաղաքացիների համար, ովքեր ընտրելու են ՀՅԴ-ին, ԲՀԿ-ին և մյուսներին»: