Հայաստան 

Նման ռասիստական հայտարարությունները պատիվ չեն բերում պետության ղեկավարին. ԱԳՆ խոսնակ

Նման ռասիստական հայտարարությունները պատիվ չեն բերում որեւէ մեկին եւ հատկապես պետության ղեկավարին։ Այս մասին «Արմինֆո»-ին հայտնել է Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը՝ անդրադառնալով Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի աղմկահարույց հայտարարությանը, որով նա վիրավորական է համարել իրեն հայ անվանելը:


«Զարհուրելի է, որ հայտարարության հեղինակը դա անում է նախընտրական շրջանում՝ ակնկալելով, որ դա կարող է լրացուցիչ ձայներ բերել։ Հենց նման հայտարարություններն են պարարտ հող ստեղծում` էթնիկ հիմքի վրա հանցագործությունների համար, ինչպիսին էր Հրանտ Դինքի սպանությունը։ Ռասիզմի նման դրսեւորումներն են ընկած ցեղասպանությունների իրագործման եւ դրանց ժխտողականության հիմքում»,-հայտարարել է Տիգրան Բալայանը:


Հիշեցնենք, որ Թուրքիայի վարչապետ, նախագահի թեկնածու Ռեջեփ Թայիփ Էրդողանը թուրքական Star TV եւ NTV հեռուստաընկերությունների համատեղ եթերում պատասխանելով հաղորդավարի հարցերին, անդրադարձել է նաեւ ժողովրդի կողմից քննարկվող իր արմատների հարցին: «Իմ արմատները Ռիզեից են: Ինձ ասում էին, թե վրացի եմ, ավելին, մեկը կանգնեց ավելի կեղտոտ բան ասաց՝ պնդելով, թե ես հայ եմ»,-ասել էր Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Էրդողանի այս խոսքերը մեծ արձագանքն են գտել թուրքական մամուլում եւ սոցկայքերում։

Նույն շարքից