Ռուսաստանը ոչ մի առնչություն չունի Հայաստանի զանգվածային բողոքի ակցիաների հետ, որոնց պատճառը էլեկտրաէներգիայի սակագնի թանկացումն է: Ըստ riafan.ru-ի, այս մասին այսօր լրագրողներին ասել է ՌԴ Էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը:
«Յուրաքանչյուր երկրի կառավարություն ինքնուրույն է որոշումներ ընդունում, առաջին հերթին՝ սակագների հարցով: Մենք այդ գործընթացների վրա ոչ մի ազդեցություն չունենք»,- հայտարարել է Նովակը:
Նա նաեւ հիշեցրել է, որ Երեւանի հետ համագործակցությունը Մոսկվան փաստաթղթով ձեւակերպել է 2015 թվականի հունվարի 1-ին: Փաստաթղթի համաձայն, Հայաստանը Ռուսաստանից գազ է ստանում արտոնյալ գներով:
Հիշեցնենք, որ արդեն երրորդ օրն է՝ Երեւանում բազմահազարանոց բողոքի ակցիաներ են անցկացվում, որոնց մասնակիցներն իշխանություններից պահանջում են չեղարկել ռուսական «Ինտեր ՌԱՕ» հոլդինգին պատկանող «Հայաստանի էլցանցեր» ընկերության նախաձեռնած էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման մասին որոշումը: