Հասարակություն 

Նոր մանրամասներ Նոր Արեշում կատարված սպանությունից

Հայաստանի քննչական կոմիտեի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Երեւանի բնակիչ Վաղարշակ Ասոյանի սպանության դեպքի առթիվ։  Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական եւ դատավարական գործողություններ՝ սպանությունը բացահայտելու ուղղությամբ։

2015թ. հուլիսի 6-ին՝ ժամը 13:00-ի սահմաններում, առերեւույթ հանցագործություն կատարած անձն իր մոտ ապօրինի պահվող հրազենով Էրեբունու 28-րդ փողոցի թիվ 18/2 տան դիմաց կրակոցներ է արձակել քաղաքացի Վաղարշակ Ասոյանի ուղղությամբ՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ:

Դեպքի առթիվ Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի եւ 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել եւ առգրավվել են 5.45 մմ տրամաչափի 10 պարկուճ, նույն տրամաչափի 1 գնդակ եւ գնդակի բեկորներ:

Բժշկական կենտրոնում  Վ.Ասոյանի դիակի զննությամբ մարմնի տարբեր հատվածներում հայտնաբերվել է 7 հրազենային վնասվածք: Նշանակվել են դիակի դատաբժշկական, դատահետքաբանական, դատակենսաբանական եւ դատաձգաբանական փորձաքննություններ:

Մշակվել են աշխատանքային վարկածներ, որոնք ստուգելու ուղղությամբ կատարվում է քննություն: Միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի բազմակողմանի եւ լրիվ հետազոտումն ապահովելու, առերեւույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը բացահայտելու ուղությամբ:

Նույն շարքից