Դերասան Դմիտրի Պեվցովը հեռուստալրագրող Վլադիմիր Պոզներին անվանել է Ռուսաստանի թշնամի, ով ցանկանում է, որ երկիրը «մահանա»: Այս մասին հայտնում է Լենտան:
Դերասանին վրդովեցրել է այն, որ Պոզները պաշտպանել է ԼԳԲՏ անձանց․ «Իմ կարծիքով՝ հորինված է այն, որ ծնվածների մոտ 10 տոկոսը, այսպես ասած, նույնասեռականության հակումներ ունեն: Դա սուտ է, և դա խոսում է այն մասին, թե իրականում ինչ կենսաբան է եղել նա»,-ասել է դերասանը՝ մեկնաբանելով Պոզների խոսքերը և հավելելով, որ նույնասեռականությունը հրեշավոր հիվանդություն է և Աստծո պատիժ:
Դերասանը նշել է, որ Պոզները Իսրայելում և Ֆրանսիայում ունի քաղաքացիություն, և դա հուշում է այն մասին, որ հաղորդավարին չի անհանգստացնում երկրի ճակատագիրը․ «Եվ որքան վատ լինի Ռուսաստանում, այնքան ավելի հաճելի ու լավ կլինի նրա համար, սա լիովին արդարացնում է նրա տեսակետը: Մարդուն դուր չի գալիս այն վայրը, որտեղ նա ապրում է: Եվ եթե այս տեղը «մահանա», նրա համար ավելի հաճելի կլինի»,-եզրափակել է իր խոսքը դերասանը: