Հասարակություն 

Նրանց արածը արտակարգ մաքուր, ազնիվ արարք է. գրականագետ

Գրականագետ Դավիթ Գասպարյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ շուրջ մեկ շաբաթ ընթացող ակցիային, վստահությամբ ասաց, որ վաղվա օրը կորած չէ, քանի դեռ ունենք այսպիսի երիտասարդություն։

«Ես հպարտ եմ նրանցով։ Երիտասարդները տարիներ առաջ կասեցրին տրանսպորտի թանկացումը, հիմա էլ՝ էլեկտրաէներգիայի։ Նրանց արածը արտակարգ մաքուր, ազնիվ արարք է։ Ոչ մի քաղաքականացում, մայդանացում չկա, արդար ուղիղ պայքար է ու նրանց պետք է լսել՝ ալան-թալանին վերջ դնել։ Երիտասարդությունը մեր ծաղիկն է, որին պետք է գուրգուրել»,- ասաց նա։

Անդրադառնալով ՀՀ նախագահի ՀԷՑ-ում իրականացվելիք աուդիտի մասին հայտարարությանը, Դավիթ Գասպարյանն ասաց, որ իշխանությունը այլ տարբերակ չունի։

«Էլեկտրաէներգիայի հարցը նոր բան չէ, սկսվում է լույսի տեսուչից հասնում մինչև նախարար։ Տեսուչները պատուհաս են, միշտ հասկանում ես, որ հավելագրումներ են անում։ Այսինքն՝ խնդրի լուծումը պետք է սկսել հենց տեսուչների վերահսկմամբ»,- ասաց նա։

Գրականագետը տարօրինակ համարեց նաև այն, որ ստրատեգիական նշանակության կառույցը՝ ՀԷՑ-ը, պատկանում է Ռուսաստանին։  «Ժողովրդին այսքան ստորացնել չի կարելի։ Պետք  է չեղարկել թանկացումը մինչև բոլոր հարցերը լուծվեն»,- ասաց նա։

Նույն շարքից