Ազգային Ժողովի պատգամավոր, ՀԱԿ խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանն այցելել է Շանթ Հարությունյանին: Այդ մասին պատգամավորը հայտնել է Facebook-ի իր էջում: Նա նաեւ անդրադարձել է գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի հայտարարությանը:
«ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը ասում է՝ ցանկացած անձ, այդ թվում Շանթ Հարությունյանը պիտի պատասխանատվության ենթարկվի իր արարքների համար, եթե դատարանը սահմանված կարգով կհաստատի նրա մեղավորությունը:
Իսկ ինչու՞ դատախազը միտքը այսպես չի ձեւակերպում՝ ցանկացած կալանավորված անձ, այդ թվում Շանթ Հարությունյանը, պիտի ազատ արձակվի, եթե դատարանում սահմանված կարգով նրա մեղավորությունը չհաստատվի:
Այսպես ասաց «ցանկացած անձերի» հետ կապված գործերում դատախազը հղում է անում խամաճիկային դատարանի վրա, իսկ օրինակ Սյունիքի նախկին մարզպետի հետ կապված գործը կարճում է անձամբ, դատարաններին փայ չթողնելով:
Այս ֆոնին հարկ եմ համարում ընդգծել՝ Շանթ Հարությունյանի և նրա ընկերների նկատմամբ կիրառվող տեսակցությունների եւ նամակագրության արգելքը համարում եմ քաղաքական հաշվեհարդար:
Երեկ այցելել եմ «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ: Շանթին տեսել եմ, բայց նրա հետ շփվելու հնարավորություն ինձ չի տրվել: Շանթ Հարությունյանը հյուծված էր և հաստատակամ»,- գրել է Փաշինյանը: