«Հանրապետական» խմբակցության և Նիկոլ Փաշինյանի հանդիպմանը խմբակցության պատգամավոր Էդուարդ Շարմազանովը ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց, թե ինչ կողմնորոշում ունեն արտաքին քաղաքականության հարցում:
«Գաղտնիք չէ, որ «Ելք»-ը տարիներ շարունակ քննադատել է ՀՀԿ-ի արտաքին քաղաքականությունը, երբեմն խիստ, մասնավորապես՝ ԵԱՏՄ-ի անդամակցության համար, նաև նախաձեռնել գործընթաց դուրս գալու համար: Ես ցանկանում եմ անկեղծորեն հարց տալ, հիմա մենք Նիկոլ Փաշինյանի ո՞ր ասածներին հավատանք, վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի՞, թե՞ ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանի, և արդյոք վարչապետի թեկանծուի քայլը կտարբերվե՞ր ընդդիմադիր պատգամավորի քայլերից»,-հարցրեց նա:
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ վերջին օրերին ինքը հստակ ասել է, որ ՀՀ-ն դուրս չի գա ԵԱՏՄ-ից: «Ես ինքս դեմ եմ եղել, բայց այդուհանդերձ Հայաստանը ԵԱՏՄ անդամ է, և լինելով պետական գործիչ, պետք է հաշվի նստենք իրողությունների ու փաստերի հետ: Ցանկացած քաղաքական գործիչ պետք է հենց այդպես էլ վարվի»,-ասաց Փաշինյանը: Քաղաքական գործիչները պետք է առաջնորդվեն ոչ թե քմահաճույքներով, այլ ազգի շահերով»,-ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ ԵԱՏՄ-ից դուրս գալու հայատարություն անելով, երբ ընդդիմության ներկայացուցիչ ես, հնարավորություն չունես եղած խնդիրները վեր բարձացնել և հավասար պայմաններում քննարկել, պետք է փոխադարձ հարգանքի մթնոլորտում ընդդիմության ձայնը հաշվի առնելով՝ լուծել խնդիրները:
«Նույն հիմնավորումներով, այո´, էլի եմ ասում, որ ՀՀ վարչապետ ընտրվելու պարագայում ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց չի բարձրացվելու, դա չի նշանակում, որ խնդիրներ չկան, պետք է քննարկել ու հասնել լուծումների»:
Շարմազանովն արձագանքեց, թե Նիկոլ Փաշինյանը չհամոզեց իրեն, քանի որ այն կարծիքին չէ, որ ընդդիմության խոսքը պակաս կարևոր էր, քան իշխանության և հավելեց, թե միայն իշխանությունը չի առաջնորդվում պետական շահերով:
Շարմազանովը նաև հայտարարեց, որ այս պահին Փաշինյանն ապացուցեց, որ ՀՀ իշխանությունների վարած արտաքին քաղաքականությունը բխում էր պետական շահերից: