Հասարակություն 

Շուրջ 100 բրոնզե քանդակներ կվերականգնվեն. Երևանի քաղաքապետը մի շարք հանձնարարականներ է տվել

Երևանի քաղաքապետարանում կայացել է  աշխատանքային խորհրդակցություն, որի ժամանակ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի կողմից տրվել են մի շարք հանձնարարականներ: Այսպես՝  Երևանի քաղաքային պանթեոնում հայ մեծերի գերեզմաններից դեռևս 90-ական թվականների սկզբներին գողացված կամ վնասված բրոնզե քանդակների խնդրի մասով  Տարոն Մարգարյանը քաղաքապետի տեղակալներին, Երևանի գլխավոր ճարտարապետին և Երևանի քաղաքապետարանի «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ին հանձնարարել է գույքագրել և իրականացնել շուրջ 100 բրոնզե քանդակների վերականգնման աշխատանքներ:

Այս մասին Analitik.am-ը տեղեկանում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի, արտաքին ձևավորման և գովազդի վարչություններին, ինչպես նաև վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարվել է համապատասխան աշխատանքներ տանել՝ ապրիլի 29-ին պարի և ապրիլի 30-ին ջազի միջազգային օրերի առթիվ համապատասխան միջոցառումներ կազմակերպելու և անցկացնելու ուղղությամբ:

Ապրիլի 18-ին՝ hուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվան  ընդառաջ, Տարոն Մարգարյանը հանձնարարել է  կազմակերպել և իրականացնել մայրաքաղաքի հուշարձանների լվացման աշխատանքները, ինչպես նաև գույքագրել մայրաքաղաքում տեղակայված արձանների QR կոդ-ցուցանակները, ապահովելով դրանց պատշաճ տեսքը, ինչպես նաև քայլեր ձեռնարկել նման ցուցանակներ չունեցող արձանները ևս QR կոդ-ցուցանակներով ապահովելու համար:

Քաղաքապետի օգնական Մարիա Բարաղամյանին, աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչությանը, տուրիզմի բաժնին և «Երևանտրանս» ՓԲԸ-ին հանձնարարվել է նախապատրաստվել «Երևան Սիթի Տուր» քաղաքային զբոսաշրջային պաշտոնական երթուղու նոր տարեշրջանի մեկնարկին:

Տարոն Մարգարյանը աշխատակազմի բոլոր վարչություններին, օպերատիվ ծառայություններին, ինչպես նաև Կենտրոն և Աջափնյակ վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է քայլեր ձեռնարկել Ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության հիշատակի օրվա միջոցառումների պատշաճ կազմակերպման ուղղությամբ: Հանձնարարվել է նաև մշտական ուշադրության տակ պահել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի հարակից տարածքի բարեկարգման ու սանմաքրման աշխատանքները և կանաչ տարածքների խնամքը: Բացի այդ, տարածքը պահպանելու նպատակով, նախատեսված է ոստիկանության հետ համատեղ սահմանել հատուկ հսկողություն:

 

 

 

 

Նույն շարքից