Քաղաքական 

Ողբերգական գիշեր Եվրոմայդանում

Անցած գիշեր Կիևում ոստիկանության և ցուցարարների վերսկսված բախումների արդյունքում զոհվել է 21 մարդ, հաղորդում է Reuters-ը:


Ցուցարարները հանդես են գալիս Ուկրաինայի՝ եվրոպական ինտեգրացիայի կոչերով և պահանջում նախագահի հրաժարականը:


Ուժայինների հատուկ ստորաբաժանումները՝ «Բերկուտը», Կիևի կենտրոնում հավաքված բազմությանը սեղմել են Մայդանում՝ փորձելով կանխել նրանց տարածումը քաղաքով մեկ:


BBC-ն հաղորդում է, որ ցուցարարներին միանալու համար երկրի տարբեր քաղաքներից ավտոբուսներով նոր մարդիկ են գալիս Կիև:


Նախագահ Վիկտոր Յանուկովիչը ընդդիմության առաջնորդներին կոչ է արել վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ: Յանուկովիչը հանդես է եկել հատուկ ուղերձով, որտեղ ասված է. «Մենք ձեզ հետ միասին տարբեր փորձությունների միջով ենք անցել: Սակայն այսօրվանը թերևս ամենածանրն է դրանցից: Ողբերգություն է տեղի ունեցել. մարդիկ են զոհվել: Եվ դա շատ մեծ ցավ և ողբերգություն է մեզնից յուրաքանչյուրի համար: Սակայն նաև դա մենք պետք է կարողանանք վերապրել և հաղթահարել»:


ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը և պետքարտուղար Ջոն Քերին լուրջ մտահոգություն են հայտնել Ուկրաինայի դեպքերի առնչությամբ: Պետքարտուղարությունը Յանուկովիչին կոչ է արել ընդդիմության հետ անմիջապես վերսկսել երկխոսությունը ճգնաժամից խաղաղ ճանապարհով դուրս գալու համար: «Ուկրաինան բաժանող խոր տարաձայնությունները չեն կարող հաղթահարվել հետագա արյունահեղությամբ»,- ասված է հայտարարությունում:


Նույն շարքից