Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության միջև որևէ բան երբեք չի կարող սեպ խրել, եթե որևէ մեկը փորձի սեպ խրել, ես դա կորակեմ որպես ազգային դավաճանություն: Լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը՝ հերքելով տեսակետը, թե Արցախից պաշտոնյաները Հայաստան Մայիսի 28-ի միջոցառումներին չեն հրավիրվել, քանի որ նպաստել են ՀՀ երկրորդ նախագահի ազատության մեջ հայտնվելուն:
Միրզոյանը չմեկնաբանեց տեսակետը, թե Ռոբերտ Քոչարյանի ազատության համար Արցախի նախագահների երաշխավորությունը միջամտություն է Հայաստանի ներքին գործերին:
Հարցին, թե իշխանություններին մտահոգում է արդյո՞ք Քոչարյանի ակտիվացումը Միրզոյանն ասաց, որ ամեն ինչ որոշում է Հայաստանի ժողովուրդը, եթե քաղաքացիները որոշեն, որ իրենք չեն լինելու իշխանությունը, չեն լինի. «Եթե որևէ անձ կստանա քաղաքացիների աջակցությունը, քավ լիցի: Մենք խնդիր չունենք իշխանությունը պահելու: Ինչ վերաբերում է Ձեր ասած մարդուն, ոնցոր թե էտ մարդն օրենքի հետ խնդիրներ ունի, հլը տեսնենք, թե ինչ է լինում, հետո կխոսենք»:
Ինչ վերաբերում է լրջանալու մասին ՀՅԴ-ի կոչերին, Միրզոյանը նշեց՝ արժե, որ վերջիններս հետևություն անեն: