Հասարակություն 

Ոստիկանները կայցելեն 1400 հանրակրթական դպրոց

Սեպտեմբերի 5-ից ոստիկանության տարածքային բոլոր ստորաբաժանումների անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքների ու ճանապարհային ոստիկանության ստորաբաժանումների ծառայողները պարբերաբար այցելում են հանրակրթական դպրոցներ։

Ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի, օգոստոսի 24-ի՝ «2018-2019 թթ․ ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ պատշաճ հասարակական կարգ և ճանապարհային երթևեկության անվտանգություն ապահովելու մասին» հրամանի պահանջների համաձայն, դպրոցականների անվտանգությունն ապահովելու նպատակով անցկացվում են ճանապարհային երթևեկության կանոնների վերաբերյալ ուսուցողական հանդիպում-զրույցներ։

Սեպտեմբերի 7-ին, ոստիկանների հետ, Երևանի Ֆրիտյոֆ Նանսենի անվան թիվ 150, Լև Տոլստոյի անվան թիվ 128 և Միսաք Մանուշյանի անվան Հ թիվ հիմնական դպրոցներ այցելեց նաև մեր նկարահանող խումբը ։

Հանդիպում-զրույցների ընթացքում ոստիկանության ծառայողները դպրոցականներին ներկայացրին ճանապարհային երթևեկության անվտանգության պահպանման կանոնները։ Հանգամանալի բացատրեցին դրանց կարևորությունն ու անհրաժեշտությունը՝ հատկապես գետնանցումներ կամ վերգետնյա անցումներ չունեցող, լուսացույցով չկարգավորվող և առանց գծանշումների փողոցներում։

Ոստիկանները ներկայացրին նաև երթեկության մասնակիցների փոխհարաբերությունների առանձնահատկությունները։ Դպրոցականները հնչեցրին իրենց հուզող բոլոր հարցերը, որոնց ոստիկանները սիրով և սպառիչ պատասխանեցին։

Այցելությունները նախատեսվում են մինչև սեպտեմբերի 28-ը, ոստիկանության ստորաբաժանումների սպասարկող տարածքներում գտնվող 1400 դպրոցներում։

Նույն շարքից