Հասարակություն 

Ոստիկաններին «ֆաս» հրահանգը տվել էին մեքենաների վրա, ու նրանք ջարդում էին՝ ինչպես պատահի. Արա Խուդավերդյան

Դեպի Ստեփանակերտ ուղևորվող «Հիմնադիր խորհրդարան»-ի ավտոերթին մասնակցել է նաև ազատամարտիկ «Կոռնիձոր» ջոկատի հրամանատար Արա Խուդավերդյանը:Վերջինս տեղեկացրեց, թե ինչպես են իրավապահ մարմինների ներկայացուցիչները հարձակվել իրենց վրա:


«Երթը հանգիստ գնում էր դեպի Ղարաբաղ, ճանապարհներին մեզ հետևում էին իրավապահ մարմինների պետհամարանիշներով ավտոմեքենաներ: Երբ անցանք Տեղ գյուղի սահմանը, ավտոերթը մի պահ կանգնեց, և մենք ևս մեկ անգամ սթափության կոչ արեցինք երթի մասնակիցներին, որ հանկարծ սադրանքների չտրվեն: Ավտոերթին մասնակցում էին «Հիմնադիր խորհրդարան»-ին աջակցող, Ղարաբաղի վաղվա օրվա մասին մտածող մարդիկ, մեզ էին միացել նաև ՀՅԴ-ից դուրս եկած Լոռու մարզի տղաները: Մոտենալով Զաբուխին՝ մենք տեսանք, որ զինվորական ոստիկանական պոստ էր դրված, որից մոտ 300 մետր ներքև բլուրների վրա հատուկ նշանակության ջոկատի համազգեստով, դեմքները փակած մարդիկ էին երևում: Երբ մոտեցանք պոստին, պոստը փակել էին ոստիկանական մեքենաներով, իսկ ոստիկանները կանգնած էին՝ զինված մահակներով, ավտոմատներով: Բլուրների վրա հատուկ նշանակության ջոկատի համազգեստով դիպուկահարներ էին կանգնած: Ավտոշարասյունը կանգնեց, և Ժիրայր Սեֆիլյանը  մոտեցավ մի գնդապետի, որպեսզի հասկանա, թե ինչ է կատարվում և ինչ խնդիրներ կան: Գնդապետն ասաց, որ հետ դառնանք, քանի որ իրենք արգելելու են առաջ շարժվել: Երբ Ժիրայրը շրջվեց, որ գա ավտոմեքենայի մոտ, առանց որևէ զգուշացման հարձակվեցին Ժիրայրի վրա, ու սկսվեց մահակներով ծեծը: Եվ  այս ամեն ինչը ուղղորդվում էր դեպի օդ կրակոցներով: Իսկ ոստիկաններին «ֆաս» հրահանգը տվել էին մեքենաների վրա, ու նրանք ջարդում էին՝ ինչպես պատահի»,- ասաց Արա Խուդավերդյանը:


Նա նշեց, որ այդ հարձակման ժամանակ մեքենաների մի մասը չկարողացավ պտտվել, որպեսզի հետ դառնան և ընկան ծուղակի մեջ: Խուդավերդյանը նաև ասաց, որ այդ ընթացքում ում հասցրել էին ծեծել, նաև նրանց գրպաններից գումարն էին վերցրել, հեռախոսներ ու փաստաթղթղեր:


«Սա բանդիտական հարձակում էր: Բացի այդ, ծեծվողների մեջ են եղել նաև լրագրողներ, երեխաներ, մենք նրանց տեղում օգնություն ենք ցուցաբերել: Հարվածներ են հասցրել նաև Ժիրայրի կնոջը և երկու երեխաներին»,- ասաց Արա Խուդավերդյանը:

 


Արա Խուդավերդյանը մի քանի ընկերների հետ ուղևորվում է Գորիսի հիվանդանոց: Տեղ հասնելուց հետո մենք դարձյալ կապ հաստատեցինք Խուդավերդյանի հետ և նա տեղեկացրեց, որ Գորիսի հիվանդանոցում է գտնվում  «Նոյան Տապան» գործակալության լրագրող Անուշավան Շահնազարյանը, ում գլուխն է վնասվել, և ըստ նախնական ախտորոշման՝ նրա մոտ առկա է սալջարդ: Խուդավերդյանը տեղեկացրեց, որ իրենք լրագրողին իրենց հետ կտեղափոխեն Երևան:


Սկզբնաղբյուր` newsline.am

Նույն շարքից