Հայաստան 

Որևէ մեկի մտքով թող չանցնի, որ կարելի է օրենք խախտել և անպատասխան մնալ. Էդուարդ Շարմազանովը՝ Ծառուկյանի ելույթի մասին

Ազգային ժողովի փոխնախագահ, «Հանրապետական» կուսակցության մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը Tert.am-ի հետ զրույցում  պատասխանելով հարցին, թե  «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը, այսպես ասած, ընդունել է մարտահրավերը, նշեց, թե իրենք մարտահրավեր չեն նետել:

 

«Մենք մարտահրավեր չենք նետել, մենք իր ուղարկած գնդակը, որ ինքն ասում էր՝ գնդակն ուղարկել եմ իշխանությունների դաշտ, տշել ենք, որ ինքը վազելով հասնի այդ գնդակին: Դեռ չի հասել: Սա մեկ: Երկրորդը՝ Ծառուկյան Գագիկ քաղաքական երևույթի վերաբերյալ երեկ մենք շատ հստակ, նորմալ, ամբողջական գնահատական տվել ենք, և ևս մեկ անգամ գնահատական տալու կարիք չկա, որովհետև արդեն ամեն ինչ շատ պարզ, հստակ, մատչելի, հասկանալի, նույնիսկ իրեն հասկանալի լեզվով ասվել է: Եվ երրորդ՝ մենք այսօր ևս մեկ անգամ ականատես եղանք, որ հերթական անգամ նրան հրամցրին պատրաստի տեքստ՝ տարբեր գրողների կողմից, և նա հերթական անգամ ընթերցեց այդ տեքստը, էլի ոչինչ չհասկանալով: Ցավում եմ, որ երկրորդ քաղաքական ուժի ղեկավարը էլի տեքստ կարդաց ու էլի չհասկանալով խոսեց»,- արձագանքեց Էդուարդ Շարմազանովը:
 

ՀՀԿ մամուլի խոսնակն ասաց նաև, թե որևէ մեկի մտքով թող չանցնի, որ կարելի է օրենք խախտել և անպատասխան մնալ: 

«Մենք բացառապես օրինական պայքարի կողմնակից ենք, դրա համար ամեն ինչ պետք է լինի օրինականության դաշտում»,- նշեց Շարմազանովը:

Նույն շարքից